ԵՄ-ն կավելացնի իր դիտորդների թիվը Հայաստանում՝ հասցնելով 209-ի

ԵՄ-ն կավելացնի իր դիտորդների թիվը Հայաստանում՝ հասցնելով 209-ի

Եվրոպական Միությունը կավելացնի Հայաստանում իր դիտորդների թիվը ՝ 138-ից հասցնելով 209-ի։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Դուք գիտեք,որ մենք հիմա աշխատում ենք Հայաստանի հետ մեր հարաբերություններն ուժեղացնելու վրա։ Ես տեսնում եմ, որ Հայաստանը զգում է մեզ հետ համագործակցությունն ընդլայնելու օգուտները, և մենք պատրաստ ենք դրան դրական արձագանքելու։ Որպես համագործակցության ընդլայնման առաջին քայլ՝ այսօր Արտաքին գործերի խորհուրդը համաձայնություն է տվել Հայաստանում մեր քաղաքացիական առաքելության ավելացմանը՝ գետնի վրա մեր ներկայությունը 138-ից հասցնելով 209-ի։ Սա առաքելության թվականակի կարևոր ավելացում է, ինչպես նաև Ադրբեջանի հետ Հայաստանի միջազգային սահմանին կայունությունն ավելացնելու ճանապարհ»,- հայտարարել է Բորելը։

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենք հավատում են, որ պատմական շանս կա տարածաշրջանում խաղաղության հասնելու համար։ «Սա հնարավորություն է։ Մենք հանձնառու ենք շարունակել մեր աջակցությունն այս ջանքերին՝ աշխատելով ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։ Այն փաստը, որ մենք որոշել ենք մեր առաքելության անձնակազմի թվաքանակի այսպիսի կարևոր ավելացում անել, ցույց է տալիս մեր հանձնառությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի կայունությանը։ Սա նաև կարևոր ներդրում է խաղաղության հասնելու ջանքերի մեջ»,- հավելել է Բորելը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում