Փաշինյանը հավանական է համարում նոր էսկալացիան Հայաստանի սահմանին և Լեռնային Ղարաբաղում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը և՛ Հայաստանի սահմանի երկայնքով, և՛ Լեռնային Ղարաբաղում։
«Իմ եզրակացությունն Ադրբեջանի ավելի ու ավելի ագրեսիվ դարձող հռետորաբանությունից է և, իհարկե, կան որոշակի այլ տվյալներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Փաշինյանը մարտի 14-ին հրավիրված ասուլիսի ժամանակ։
Նա ընդգծեց, որ Հայաստանը չէ, որ նախաձեռնում է ագրեսիվ գործողություններ ու էսկալացիա, ուստի որոշում կայացրեց այստեղ հրավիրել Եվրամիության դիտորդներին։
Փաշինյանը հայտնեց, որ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում նախնական պայմանավորվածությունն այն էր, որ ԵՄ դիտորդներ պետք է լինեն սահմանի կամ շփման գծի երկու կողմերից՝ և՛ Հայաստանից, և՛ Ադրբեջանից։ Ընդ որում, Ադրբեջանի նախագահը համաձայնություն էր տվել այդ գաղափարին Ֆրանսիայի նախագահի և Եվրամիության խորհրդի նախագահի ներկայությամբ, սակայն ավելի ուշ, ինչպես արդեն հայտնի դարձավ, հրաժարվեց այդ տարբերակից։
«Ես կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է արձանագրի, որ, այո, շատ մեծ է նոր էսկալացիայի վտանգ, և կարծում եմ, որ այս առումով առավել ևս հաշվի առնելով Լաչինի միջանցքի փակ լինելը և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի առկայությունը, նաև էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունները, մեր դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ շատ պատեհ կլինի, որ Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ ուղարկվի միջազգային փաստահավաք առաքելություն»,- ասաց վարչապետը։
Կարծիքներ