Եղել են դեպքեր, երբ ԿԿՀ-ի եզրակացությունների հիման վրա որոշ անձանց կոնկրետ պաշտոնի չեն նշանակել. Հայկուհի Հարությունյան
![Եղել են դեպքեր, երբ ԿԿՀ-ի եզրակացությունների հիման վրա որոշ անձանց կոնկրետ պաշտոնի չեն նշանակել. Հայկուհի Հարությունյան](https://freenews.am/uploads/images/image_750x_61cb078e12af9.jpg)
ՀՀ գլխավոր դատախազությունում, ԲԴԽ-ում եղել են դեպքեր, երբ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունների հիման վրա որոշ անձանց կոնկրետ պաշտոնի չեն նշանակել։
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը:
«Հանձնաժողովն ունի լիազորություն ոչ միայն պետական մարմինների, այլ նաև բանկային գաղտնիքի միջոցով ստուգել, թե արդյոք անձի եկամուտները չեն ավելացել ոչ իրավական հիմքերով, կամ եթե ավելացել են, ապա դրանք տնօրինելիս պաշտոնատար անձի ծախսերն արդյոք վկայում են, որ դրանք իրավաչափ չէին կարող լինել»,- ասաց նա։
Հայկուհի Հարությունյանի խոսքով՝ 2019 թվականի հոկտեմբերին կառավարությունը հաստատել է հակակոռուպցիոն ռազմավարությունը, որին արդեն հաջորդել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորումը՝ որպես կանխարգելիչ մարմին : Հանձնաժողովը՝ որպես ամբողջությամբ գործող մարմին, 2020 թվականից սկսել է իր գործունեությունը մի շարք ուղղություններով:
Հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը նշեց, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ձևավորվել է 2019 թվականին, սակայն հանձնաժողովի անդամների համալրումը սկսվել է 2021 թվականի փետրվարից:
«Մեր առջև դրված էր ապահովել հայտարարագրերի համակարգերի ընթացիկ սպասարկումը օրենսդրական փոփոխությունների արդյունքում: Տարվա ընթացքում իրականացրել ենք մոտավորապես 170 պաշտոնատար անձանց գույքային դրության ստուգումներ: Այս թիվը ներառում է պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքների՝ բոլոր տարիների ներկայացրած մոտ 2500 հայտարարագրերի ուսումնասիրությունը: Նախկինի համեմատ էականորեն ավելացել է հայտարարատու պաշտոնատար անձանց շրջանակը: 2021 թվականի հունիսի 1-ից ներդրվեց ծախսերի հայտարարագրման նոր ինստիտուտը, որի արդյունքում պարտավոր են հայտարարագրել օրենքով սահմանված շեմից ավել հաշվետու ժամանակահատվածում կատարված ծախսերը», - ասաց Արամայիս Փաշինյանը:
Նա հավելեց նաև, որ հաշվետու տարվա ընթացքում հիմնական մարտահրավերներից մեկը այս գործառույթների սպասարկումն էր, անձնակազմի ոչ ամբողջական համալրման պայմաններում, ինչը էապես փոխվել է վերջին մի քանի ամիսներին:
Փաշինյանը անդրադարձավ 2022 թվականին սպասվող նոր էլեկտրոնային համակարգի ստեղծմանը, որը սկսվել է դեռևս 2019 թվականի վերջից:
Անդրադառնալով առաջիկա մարտահրավերներին՝ նա ասաց, որ 2022 թվականի հունվարի 1-ից հանձնաժողովը իրականացնելու է կուսակցությունների մասին սահմանադրական օրենքով սահմանված դեպքերում և կարգով, կուսակցությունների ընթացիկ ֆինանսական և այլ գործունեության վերահսկողության իրականացումը: ՀՀ-ում ներկայումս որպես տարբեր պաշտոններ զբաղեցնող անձանցից հայտարարատու են 9000-ը: Այս թիվը նախկինի համեմատությամբ առնվազն երեք անգամ մեծացել է, իսկ ընտանիքի անդամների համադրությամբ այն արդեն հասնում է 35000-ի:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Նարեկ Համբարձումյանը նշեց, որ 2021 թվականի ընթացքում հանձնաժողովի կողմից հայտարարատուների նկատմամբ հարուցվել է 42 վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթ, որոնցից 30-ը՝ հայտարարագրերը սահմանված ժամկետում չներկայացնելու հիմքով, 10-ը՝ անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու հիմքով, իսկ 2-ը՝ հայտարարագրերի լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների խախտման հիմքով: Հայտարարագրերի վերլուծության արդյունքներից ելնելով՝ 5 նյութ ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:
«Երկու դեպքում նյութերն ուղարկելու հիմք են հանդիսացել այն, որ հայտարարատուները վերջիներիս հայտարարագրերի վերլուծության արդյունքում չեն ներկայացրել պարզաբանումներ հայտնաբերված անհամապատասխանությունների վերաբերյալ: Հաջորդ երկու դեպքում էլ պարզվել է, որ հայտարարատուները ստացել են 3 միլիոն դրամից ավելի նվիրատվություն՝ կանխիկ եղանակով, ինչը «Հանրային ծառայության մասին» և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» մասին ՀՀ օրենքներով չի համարվում օրինական եկամուտ, իսկ մեկ դեպքում՝ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու կամ կեղծ տվյալներ ներկայացնելու խախտման հիմքով»,- ասաց Նարեկ Համբարձումյանը:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Մարիամ Գալստյանն էլ ընդգծեց, որ հանձնաժողովի լիազորությունների տեղայնացման տեսանկյունից կարևոր և պետության համար առաջընթաց ապահովող հստակ գործողություն է նոր ներմուծված բարեվարքության ստուգման գործընթացը, որով արդեն պետական կոնկրետ պաշտոնների նշանակման ենթակա անձինք անցնում են բարեվարքության ստուգում։ Այն ենթադրում է կոնկրետ թեկնածուի գույքի, եկամտի և շահերի հետ կապված ուսումնասիրություն, նույն թեկնածուի նախկինում զբաղեցրած պաշտոնների, կայացրած որոշումների, նրա վարքագծի հիմքով հնարավոր բոլոր տեսակի պատասխանատվության կիրառելիության ուսումնասիրություն, դրա հիման վրա կոնկրետ անձին կոնկրետ պաշտոնում նշանակելու համար բարեվարքության ներկայացում:
Կարծիքներ