Գարեգին Բ-ն կամ Կտրիճ Ներսիսյանը եթե ընդունի այդ օրակարգը, ես, ամենայն հարգանքով, կնստեմ և կքննարկեմ․ վարչապետ

Գարեգին Բ-ն կամ Կտրիճ Ներսիսյանը եթե ընդունի այդ օրակարգը, ես, ամենայն հարգանքով, կնստեմ և կքննարկեմ․ վարչապետ

ՀՀ քաղաքացիների 97 տոկոսը հավատում է, իսկ եկեղեցու գլուխը չի հավատում Աստծուն:

Այս մասին ԱԺ-ում իր եզրափակիչ ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով առկա քննարկումներին:

«Ընդդիմության ներկայացուցիչն ասում է՝ հոգևորականի ձեր իդեալը Նավասարդ Կճոյանն է, և դուք ուզում եք նրա միջոցով...։ Ես ձեզ ուզում եմ ուղիղ ասել՝ Գարեգին Բ-ն կամ Կտրիճ Ներսիսյանը եթե ընդունի այդ օրակարգը, ես էս ամբիոնից հանդիսավոր կերպով ասում եմ, որ ես կնստեմ և իր հետ, ամենայն հարգանքով, կքննարկեմ այդ օրակարգը: Ես չեմ ասել երբեք, որ կան մերոնքականներ և ոչ մերոնքականներ, որոնց մի մասը կարող է բարեվարքության կանոնները պահել, մյուս մասը՝ չպահել:

Իմիջիայլոց, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բարենորոգման օրակարգը հստակ ձևակերպված է՝ բարեվարքության կանոններ և այդ կանոնները պահելու հստակ մեխանիզմներ»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց՝ աշխատանքային մակարդակով ասել է, որ պետությունը կարող է ելքի որոշակի ճանապարհ ապահովել նման բոլոր հոգևորականների համար:

«Բայց խոսքը մեր ազգային արժեքների պահպանության մասին է, որովհետև մեր ազգային արժեքները դեֆորմացված են հենց էդ փաստի բերումով: Մենք ո՞նց կարող ենք հանդուրժել, որ մեր սրբություն սրբոցը ախտահարված է: Լավ, եկեք ամեն ինչ դնենք մի կողմ, ուզում եք վեհափառ ասենք, ուզում եք Գարեբին Բ ասենք, ուզում եք Կտրիճ Ներսիսյան ասենք, ինչ ուզում եք ասենք, բայց էդ ամեն ինչից անդին կան փաստեր, որոնց մասին գիտի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի և յուրաքանչյուր հավատացյալ: Լեգիտիմությունը գերկարևոր հարց է»,- ասաց վարչապետը։

Մեջբերելով ընդդիմության ներկայացուցչի խոսքերը, թե ՀՀ քաղաքացիների 97 տոկոսը հավատում է եկեղեցուն, ասաց՝ խնդիրը հենց այդտեղ է, որ ՀՀ քաղաքացիների 97 տոկոսը հավատում է, իսկ եկեղեցու գլուխը չի հավատում Աստծուն:

«Ինքը հոգևոր կյանք չունի: Ինքը ժխտել է Աստծո հետ իր ուխտը և այդ ուխտադրժությունը փաթաթված է մեր բոլորի վզին: Ես պատրաստ չեմ այդ ուխտադրժության պատասխանատվությունը կրել։ Այսօր եկեղեցու պաշտպանության դիրքերից հանդես են գալիս մարդիկ, որոնք չգիտեն՝ Աստվածաշնչի, Կտարակարանի, Ավետարանի միջև ինչ տարբերություն կա․ նրանց համար եկեղեցին փող լվանալու համակարգ է:

Կտրիճ Ներսիսյանը կամ Գարեգին Բ-ն պատերազմի կուսակցության ներկայացուցիչ է»,- ասաց վարչապետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում