Եգիպտոսում մեկնարկել են նախագահական ընտրությունները

Եգիպտոսում մեկնարկել են նախագահական ընտրությունները

Եգիպտոսի նախագահական ընտրություններում քվեարկության համար ընտրատեղամասեր են բացվել երկրի բոլոր նահանգներում՝ տեղական ժամանակով ժամը 09.00-ին (ՀՀ ժամանակով՝ 11:00-ին):

Ընտրությունները տեղի կունենան երեք օրվա ընթացքում՝ դեկտեմբերի 10-ին, 11-ին և 12-ին։ Ընտրատեղամասերը կփակվեն 21:00-ին (ՀՀ ժամանակով 23:00-ին):

Մոտ 67 միլիոն եգիպտացիներ քվեարկելու հնարավորություն ունեն։ Ընտրությունների ընթացքում ողջ հանրապետությունում կգործի 9376 ընտրատեղամաս։ Ընտրությունների ընթացքին հետևելու է 14 միջազգային կազմակերպություն, հաստատվել է 220 միջազգային դիտորդ։

Գործող նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին առաջին փուլում կմրցի Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ (50 տեղ խորհրդարանում) Հազեմ Օմարի, լիբերալ Վաֆդ կուսակցության ղեկավար Աբդել Սանադ Յամամայի և Եգիպտոսի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Ֆարիդ Զահրանի հետ:

Օգոստոսին Եգիպտոսի խորհրդարանի ամենամեծ կուսակցությունը՝ «Մուսթաքբալ Վաթան» (Հայրենիքի ապագան), հայտարարել էր, որ կողմ է Էլ-Սիսիի նոր ժամկետի առաջադրմանը:

Սեպտեմբերի 25-ին Եգիպտոսի Ազգային ընտրական հանձնաժողովը հայտարարեց ընտրությունների օրը։

Հոկտեմբերի սկզբին երկրի ներկայիս ղեկավարը հայտարարեց, որ առաջադրվելու է երրորդ ժամկետի համար:

Ընտրություններին գրանցվելու համար փաստաթղթերի ներկայացումը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-14-ը։ Թեկնածուների վերջնական ցուցակը հաստատել է Եգիպտոսի ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 9-ին, նույն օրը, երբ պաշտոնապես սկսվել է մեկամսյա նախընտրական քարոզարշավը։ Ուրբաթն ու շաբաթ օրը լռության օրեր էին, որոնց ընթացքում արգելվում էր ցանկացած նախընտրական քարոզչություն։

Եգիպտոսի նախագահական ընտրությունները երկրի սահմաններից դուրս տեղի են ունեցել դեկտեմբերի 1-3-ը։ Քվեարկությունը տեղի է ունեցել 121 երկրի 137 ընտրատեղամասերում։

Եգիպտոսի ընտրական հանձնաժողովն ավելի վաղ հայտարարել էր, որ նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները պաշտոնապես կհրապարակվեն դեկտեմբերի 18-ին։ Երկրորդ փուլը, անհրաժեշտության դեպքում, տեղի կունենա 2024 թվականի հունվարին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում