ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում COVID-19-ով հիվանդացության աճի մասին
Աշխարհում COVID-19-ով հիվանդացությունը մեկ շաբաթվա ընթացքում աճել Է 3%-ով, մահացությունը նվազել է 6%-ով, նշվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ամենշաբաթյա համաճարակաբանական տեղեկագրում: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:
Դեկտեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում կորոնավիրուսի դեպքերը նվազել են բոլոր տարածաշրջաններում, բացառությամբ Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասի տարածաշրջանի և ամերիկյան տարածաշրջանի, որտեղ հիվանդացությունն աճել է համապատասխանաբար 8%-ով և 18%-ով:
Հիվանդությունների թվի առավել մեծ անկում գրանցվել է Հարավարևելյան Ասիայում (36%) և Աֆրիկայում (29%)։ Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսով ախտահարման շուրջ 3,7 միլիոն նոր դեպք։ Անցած շաբաթվա ընթացքում COVID-19-ից մահացությունների թիվն աճել է միայն ամերիկյան տարածաշրջանում (3%) և Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասի տարածաշրջանում (7%):
Մյուս տարածաշրջաններում արձանագրվել է մահացության նվազում։ Ընդհանուր առմամբ, շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհում գրանցվել է COVID-19-ի հետևանքով մահացության մոտավորապես 10,4 հազար դեպք։
Համավարակի ամբողջ ժամանակահատվածում աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 655 միլիոն և հիվանդության հետևանքներից մահացության շուրջ 6,6 միլիոն դեպք:
Կարծիքներ