Հայաստանում մեկնարկեց դատավորների նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը միտված շվեդական ծրագիրը

Հայաստանում մեկնարկեց դատավորների նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը միտված շվեդական ծրագիրը

 Հայաստանում մեկնարկեց Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում՝ դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով երկկողմանի համագործակցության ծրագիրը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ծրագիրը իրականացվում է  Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի, ՀՀ Արդարադատության ակադեմիայի և Բարձրագույն դատական խորհրդի հետ համատեղ, որը նպատակ ունի ամրապնդել հայ դատավորների կարողությունները և բարձրացնել դատական համակարգի նկատմամբ հանրային վստահությունը:

Ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառմանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն իր ելույթում վստահեցրեց, որ Հայաստանի և Շվեդիայի դատական համակարգերի միջև փոխգործակցությունը ու փորձի փոխանակումն արդյունավետ ազդեցություն կունենան Հայաստանի և Շվեդիայի  իրավական համակարգերի կատարելագործման ու զարգացման գործում:

«Այս ծրագիրը առանցքային նշանակություն ունի  հատկապես մեզ համար, քանի որ նպաստելու է հանրային վստահության բարձրացմանը, էթիկայի, հակակոռուպցիոն և ներառական հարցերի շուրջ դատավորների գիտելիքների խորացմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև լրատվամիջոցների հետ ինտենսիվ հաղորդակցության հմտությունների զարգացմանը: Ի վերջո, այն բերելու է դատավորների վարքագծի շարունակական բարձրացմանը: Գաղտնիք չէ, որ այսօր դատական իշխանության առջև ծառացած մի շարք խնդիրներ կան, և դրանք հաղթահարելու ուղղությամբ ԲԴԽ-ն բավականին մեծ ջանքեր է գործադրում»,- ասաց Ջհանգիրյանը:

ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի խոսքով՝ դատարաններն այսօր աշխատում են գերծանրաբեռնված, սակայն  դրան զուգահեռ միակողմանի և թերի տեղեկատվության հետևանքով ստվերվում է այն ահռելի ու ծանր պատասխանատու աշխատանքը, որն այսօր կատարում են դատարանները և դատավորները, որի հետևանքով տուժում են բարեխիղճ աշխատանքը և վարկանիշը:

«Մեզ համար կենսական նշանակություն ունի դատավորի խոսքը հասարակության լայն շերտերին հասցնելու հնարավորության կատարելագործումը: Այն մեզ համար առաջնահերթություն է: Թվարկածս և մի շարք այլ մասնագիտական ու ոլորտային խնդիրների լուծման արդյունավետ եղանակներից մեկը համարում ենք միջազգային երկկողմ և բազմակողմ համագործակցությունը, տվյալ դեպքում՝ Շվեդիայի ազգային դատարանների հետ համատեղ իրագործվող այս ծրագիրը»,- եզրափակեց Ջհանգիրյանը:  

Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի խոսքով՝ Կառավարությունը այսօր բազմաթիվ ջանքեր է գործադրում դատավորների քանակն ավելացնելու, նրանց աշխատավարձը բարձրացնելու ուղղությամբ:

«Մեր բարեփոխումների ողջ ընթացքում պետք է շատ զգուշորեն գործենք, որպեսզի ոչ մի փոփոխություն հանկարծ չընկալվի որպես միջամտություն կամ ներգործություն դատական համակարգի աշխատանքին»,- ասաց Մինասյանը:

Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը նշեց, որ Շվեդիայի կառավարության քաղաքականության մի մասն է կազմում մարդու իրավունքների և օրենքի գերակայության հաստատումը:

«Սա համատեղ հայ-շվեդական համագործակցությունն է, որը նպատակ ունի ավելացնել հանրային վստահությունը դատարանների նկատմամբ, կենտրոնում ունենալով դատավարական արհեստը: Այսպիսով, ԲԴԽ-ն Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի հետ համատեղ իրականացնում է այս ծրագիրը: Իհարկե, ժողովրդավարական հիմնական իրավունքներն իրականացվում են, ապահովվում է օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը: Դրանք նաև պետք է համապատասխանեն մասնագիտական և բարեվարքության բարձր ցուցանիշներին և դատական նիստերի դահլիճում, և դրանից դուրս»,-ասաց Սվենսոնը:

Ծրագրի առաջին փուլը ընդգրկում է վերապատրաստումներ և քաղաքականության մշակում: Այն կիրագործվի 2022 թվականի ապրիլից մինչև  2023 թվականի դեկտեմբեր: Ծրագիրը կարող է երկարաձգվել երկրորդ փուլի համար՝ 2024 թվականի հունվարից 2025 թվականի դեկտեմբեր: Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեդիայի կառավարության կողմից։

Ծրագրի հիմնական ուղղություններն են՝ դատավորների շրջանում էթիկայի, կոռուպցիայի դեմ պայքարի և բարեվարքության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը, կողմերի և այլոց հետ դատավորների հաղորդակցության կարողությունների զարգացումը նրանց կարիքներին և հիմնավոր ակնկալիքներին համապատասխան, ԶԼՄ-ների հետ պրոակտիվ հաղորդակցության համար դատավորների իրազեկվածության բարձրացումը և կարողությունների զարգացումը, ԶԼՄ-ների հետ դատավորների հաղորդակցության վերաբերյալ իրավական շրջանակի բարելավումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում