Արցախի թեմի առաջնորդն այցելել է Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալ, տեսակցել վիրավոր զինծառայողներին
Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ՊԲ ավագ գնդերեց Տեր Վարդան քահանա Ներսիսյանի, առողջապահության ոլորտի հոգևոր պատասխանատու Տեր Անդրեաս քահանա Թավադյանի հետ օգոստոսի 4-ին այցելել է Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալ:
Ինչպես տեղեկացնում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը, սրբազան հորը դիմավորել է հոսպիտալի պետ փոխգնդապետ Հ. Գրիգորյանը, ում ուղեկցությամբ էլ հոգևորականներն այցելել են բուժում ստացող վիրավոր զինծառայողներին:
Թեմի առաջնորդն աղոթք է հնչեցրեց վիրավորների առողջության համար, մաղթել շուտափույթ ապաքինում, նաև շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին նվիրյալ ծառայության համար:
Սրբազան Հայրը վիրավոր զինծառայողներին է փոխանցել նաև Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունն ու բարեմաղթանքները:
Օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից սկսած ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: 19 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:
Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարության հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։
Կարծիքներ