«Երևան, իմ սեր» հիմնադրամը հյուրընկալել է Հադրութից տեղահանված ընտանիքների երեխաներին

«Երևան, իմ սեր» հիմնադրամը հյուրընկալել է Հադրութից տեղահանված ընտանիքների երեխաներին

«Երևան, իմ սեր» հիմնադրամն Ամանորին ընդառաջ՝ Հադրութից տեղահանված և Հայաստանում ապաստանած ընտանիքների մի քանի տասնյակ երեխաների համար կազմակերպել է ինտերակտիվ միջոցառում, որի շրջանակում երեխաները ծանոթացել են հայկական գրական ու մշակութային ժառանգությանը և ցուցադրել իրենց գիտելիքները, հանդիպել Ձմեռ պապի հետ: Այս մասին հայտնեցին «Երևան, իմ սեր» հիմնադրամից:

«Երևան, իմ սեր» հիմնադրամի տնօրեն Հրայր Ղամբարյանը նշել է, որ հատկապես կարևոր է պատերազմ տեսած ու դրա հետևանքով տեղահանված երեխաներին վերադարձնելու մանկությունն ու ամանորյա հրաշքը: «Չնայած այս տարի նրանց տեսած չարիքներին և դժվարություններին՝ երեխաների ակնկալիքները նույնն են մնում: Ուստի որոշեցինք այս փոքրիկ միջոցառմամբ ոգևորել նրանց և հավաստիացնել, որ ամեն բան լավ է լինելու»,- ասել է Հրայր Ղամբարյանը:

Միջոցառման ավարտին Ձմեռ պապը նվերներ է հանձնել  փոքրիկներին:

Նշենք, որ պատերազմի առաջին օրերին «Երևան, իմ սեր» հիմնադրամը հանդես էր եկել մեկ այլ նախաձեռնությամբ, որի շրջանակում հոգեբանական աջակցություն էր տրամադրվել Արցախում պատերազմական գործողությունների հետևանքով Հայաստան տեղափոխված երեխաներին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում