Լարվածության ավելացումն արդարացում չի ունենա, ցանկացած կողմի ագրեսիան կխաթարի խաղաղության հեռանկարը․ Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը հաղորդագրություն է տարածել և մանրամասնել, թե ինչ են խոսել պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ըստ հաղորդագրության, Բլինքենը վերահաստատել է ԱՄՆ-ի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների կարևորությունը և ընդգծել գործընկերային նախաձեռնությունների աճը, ներառյալ՝ էներգետիկայի և կլիմայի առաջնահերթությունները:
«Պետքարտուղար Բլինքենը և նախագահ Ալիևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացն առաջ մղելու կարևորությունը, որը տնտեսական օգուտ կբերի ողջ տարածաշրջանին։ Պետքարտուղարն ընդգծել է, որ սահմանին լարվածության ավելացման որևէ արդարացում չի կարող լինել և զգուշացրել է, որ ցանկացած կողմից ագրեսիվ գործողություններն ու հռետորաբանությունը կխաթարեն խաղաղության հեռանկարները։
Պետքարտուղարը վերահաստատել է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հետ կապված իր միջազգային պարտավորությունները և հանձնառությունները կատարելու անհրաժեշտությունը և կոչ արել ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալվածներին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ