«ԴիջիԹեք» համաժողովը կունենա ավելի քան 800 մասնակից

«ԴիջիԹեք» համաժողովը կունենա ավելի քան 800 մասնակից

Մարտի 10-12-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենան «ԴիջիԹեք 2022» համաժողովը և տարածաշրջանում ամենածավալունը համարվող նույնանուն տեխնոլոգիական ցուցահանդեսը։ 

Համաժողովին իրենց մասնակցությունն են հաստատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը, Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն, «Մոդեռնա» ընկերության համահիմնադիր և նախագահ Նուբար Աֆեյանը,  Nine Blocks Capital Management ընկերության համահիմնադիր և ղեկավարող գործընկեր Հենրի Արսլանյանը, Activeloop ընկերության հիմնադիր Դավիթ Բունիաթյանը, Acrobator Ventures ընկերության համահիմնադիր և գլխավոր գործընկեր Ջոակիմ Լակյորը և այլք։ Ընդհանուր առմամբ՝ մասնակցում է շուրջ 30 խոսնակ 9 երկրից։

Կազմակերպիչները նշում են, որ ավելի քան 800 մասնակից գրանցվել է համաժողովին և այս պահին մնացել են սահմանափակ քանակությամբ տեղեր։

«Կոնֆերանսի օրակարգն ու հաստատված խոսնակների ցանկն այժմ վերջնական են, և մենք սպասում ենք միջոցառման կայացմանը: Մեր նպատակն է կազմակերպել միջազգային տեխնոլոգիական կոնֆերանս ամբիցիոզ թեք պետությունների համար, և վստահ եմ, որ հաջողությամբ իրագործում ենք մեր առաջ դրված խնդիրը»,- ասել է «ԴիջիԹեք» համաժողովի նախագահ և «Սենսյան» ընկերության գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը:

Կոնֆերանսի հիմնական ծրագրին զուհագեռ՝ կան նաև լրացուցիչ սեսիաներ համաժողովի Full Network Pass ունեցող այցելուների համար։

«ԴիջիԹեքն» հայտարարել է առաջին «ԴիջիԹեք» վենչուրային կապիտալի արագ հանդիպումների փուլի մասին, որը տեղի կունենա մարտի 11-ի առավոտյան։ Full Network Pass տոմսերով ստարտափ հիմնադիրներն ու գործադիր տնօրենները կունենան հնարավորություն գրանցվելու 15-րոպեանոց «pitch սեսիաների» միջոցառման մասնակից 5 վենչուրային կապիտալիստներից մեկի հետ։

Ապա տեղի կունենա «Գրանատուս Վենչուրս»-ի «Իմփեքթ թեք» ներդրումային ֆորումը՝ «Դիջիթեք 2022» համաժողովի շրջանակներում։ Այն եզակի հանդիպում է սոցիալական, առողջապահական և բնապահպանական մեծ ազդեցություն ունեցող ստարտափների, ներդրողների և տեխնոլոգիական արդյունաբերության հիմնական խաղացողների համար: Ֆորումի նպատակն է ուսումնասիրել, թե ինչպես տեխնոլոգիաները կարող են լուծել համաշխարհային մասշտաբով կայուն զարգացման ամենաբարդ խնդիրները։

Ֆորումը տեղի կունենա մարտի 11-ին՝ 14:30-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ 

«ԴիջիԹեք» համաժողովն այս տարի բաղկացած կլինի մի շարք պանելային քննարկումներից  և կառանձնանա առաջատար ձեռնարկատերերի, ղեկավարների ու հետազոտողների, ինչպես նաև ակադեմիական շրջանակների մասնակցությամբ ու որակյալ փորձի փոխանակմամբ։

Համաժողովի խորագիրն է՝ «Ամբիցիոզ թեք. Բաց տնտեսությունների դիմակայունությունն աշխարհի աճող անկայունության պայմաններում»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում