ՇՄ նախարարությունը և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համագործակցության հուշագիր են կնքել

ՇՄ նախարարությունը և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համագործակցության հուշագիր են կնքել

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը՝ ի դեմս նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի և «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ը՝ ի դեմս գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի, «Սևան» ազգային պարկի «Նորաշենի» արգելոցի տարածքում խորհրդանշական «Որորների կղզի» անունը ստացած կղզում կնքեցին համագործակցության հուշագիր։

Հուշագրի շրջանակում կողմերը պարտավորվում են համագործակցել հանուն շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման, իրականացնել համատեղ միջոցառումներ, որով ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը կհրավիրեն բնապահպանական ամենատարբեր խնդիրներին՝ բարձրացնելով դրանց վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակը և մեծացնելով լուծման հեռանկարները։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը բնապահպանության և մշակույթի միաձուլումը հիանալի հնարավորություն է համարում շրջակա միջավայրի պահպանության և պաշտպանության ոլորտում նշանակալի առաջընթաց գրանցելու համար։ 

Համագործակցության շրջանակում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն աշնանային համերգաշրջանը նվիրում է «Սևան» ազգային պարկի «Նորաշենի» արգելոցի տարածքում խորհրդանշական «Որորների կղզի» անունը ստացած կղզում բնադրող Հայկական որորների պահպանությանը։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն իր խոսքում չափազանց կարևորեց համագործակցությունը՝ խոստանալով անել հնարավորը երաժշտության լեզվով քարոզելու «կանաչ մշակույթի» գաղափարը։

Հայկական որորը Ֆիլհարմոնիկի երաժշտասեր ունկնդրին կբերի վաղ ամրագրման տոմսերը՝ գնման զեղչային հնարավորությամբ և ևս մեկ անգամ կհիշեցնի իր բացառիկ լինելու մասին։

Նախագծի իրականացման հարցում մեծ ներդրում ունի Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) համատեղ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագիրը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում