Վրաստանում ընդդիմությունը ժամանակավորապես հետաձգում է ցույցերը
Վրաստանի միասնական ընդդիմության ներկայացուցիչները Միացյալ ազգային շարժում կուսակցության գրասենյակում հանդիպումից հետո հայտարարությամբ են հանդես եկել, որի ընթացքում ընդգծել են՝ նախատեսված մասշտաբային ցույցերը կհետաձգվեն մինչև մարտի 20-ը: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։
Վաղվա համար նախատեսված ցույցը, որի ընթացքում պետք է արգելափակվեր կառավարության շենքը, կվերափոխվի ավտոերթի: Ավտոերթով ցուցարարները կշարժվեն դեպի Ռուսթավի, որտեղի բանտում է կալանավորված ՄԱՇ-ի առաջնորդ Նիկա Մելիան:
«Որպեսզի իշխանությունը բանակցությունները ընդհատելու պատճառ չունենա, որոշում ենք կայացրել ժամանակավորապես հետաձգել շենքերի արգելափակման ցույցերը: Սրա նպատակն է նաև առավելագույն կերպով խուսափել ցուցարարների ու ոստիկանների միջև բախումներից»,- հայտարարել է ՄԱՇ-ի անդամ Թինա Բոկուչավան:
Հիշեցնենք՝ ԵԽ նախագահ Շարլ Միշելի նախաձեռնած երկխոսության հաջորդ փուլը տեղի կունենա Բրյուսելում, մարտի 15-ին, որտեղ կողմերը կարձանագրեն երկխոսության արդյունքում եղած առաջընթացը:
Կարծիքներ