Զգալի առաջընթաց ենք արձանագրել. Բլինքենը՝ Միրզոյան-Բայրամով բանակցությունների մասին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին` Միացյալ Նահանգներ մեկնելու և Արտաքին գործերի ինստիտուտում հանդիպումն իրականացնելու համար:
«Շնորհակալ եմ հատկապես նրանց երկխոսության հանձնառության համար, քանի որ երկու կողմն էլ` Հայաստանն ու Ադրբեջանը, ընդունում են, որ դեպի խաղաղություն տանող միակ ճանապարհը երկխոսությունն է: ԱՄՆ-ն ուրախ է առաջարկել իր տարածքը, շենքային պայմանները և մյուս բոլոր հարմարությունները, որպեսզի իրականացվեն խաղաղ բանակցություններ, որոնց նպատակով էլ հենց մենք նախաձեռնել ենք այս հանդիպումը»,- ԱԳ նախարարների բանակցությունների ավարտին ասել է Բլինքենը:
Նա նշել է` անցած օրերի ընթացքում տեղի են ունեցել լուրջ, խորը քննարկումներ ամենակարևոր և հրատապ հարցերի շուրջ, արձանագրվել է զգալի, նշանակալի առաջընթաց:
«Հուսով եմ` երկու նախարարներն ինձ նման հավատում են, որ խաղաղության համաձայնագիրը հեռու չէ, և այն կապահովի Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար կայուն խաղաղություն: Այդ խաղաղությունն ավելի մեծ ազդեցություն կունենա, ոչ միայն երկու ժողովուրդների կյանքում, այն տարածաշրջանային և ավելի գլոբալ ազդեցություն կունենա»,- ասել է նա` նկատելով, թե հիմքը, որ իր գործընկերները ստեղծել են, ցույց է տալիս` իրենք համաձայնության հասնելուն արդեն մոտ են:
Բլինքենը շեշտել է` յուրաքանչյուր մարաթոնի վերջին կիլոմետրն ամենադժվարն է, սակայն ԱՄՆ-ն այստեղ է, որպեսզի օգնի իր երկու բարեկամ երկրներին հեշտությամբ ավարտել այդ մարաթոնը և հասնել եզրակետին:
«Ոչինչ էլ հեշտ չէ, բայց առաջ շարժվելու ձգտումը և հանձնառությունը իրական են, ինչպես նշեցի` անցած մի քանի օրվա ընթացքում զգալի առաջընթաց ենք արձանագրել, կարծես թե վերջնական համաձայնագիրն արդեն երևում է, և մենք հանձնառու ենք այդ համաձայնագրին հասնելու հարցում»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը` հավելելով, որ անհամբեր սպասում է հետագա առաջընթացին:
Կարծիքներ