Ալեն Սիմոնյանը Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է հայկական ավիաընկերությունների համար օդային տարածքը փակելուն

Ալեն Սիմոնյանը Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է հայկական ավիաընկերությունների համար օդային տարածքը փակելուն

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 4-ին Անկարայում հանդիպել է Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, պաշտոնական հանդիպումից առաջ երկու երկրների խորհրդարանների ղեկավարները մոտ 20 րոպե տեւողությամբ առանձնազրույց են ունեցել:

«ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը կառուցողական ներգրավվածություն է ցուցաբերում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում: Ալեն Սիմոնյանն ասել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում հաջողվել է արձանագրել որոշակի ձեռքբերումներ:

Թուրքիայի խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ իր երկիրը ՍԾՏՀ ԽՎ-ում նախագահության շրջանակում փորձում է չեզոք լինել անդամ բոլոր երկրների հետ՝ հավելելով, որ այս պահին եւս անդամ երկրների շրջանում առկա են կոնֆլիկտներ:

ՀՀ ԱԺ նախագահը, ցավով անդրադառնալով օրեր առաջ Թուրքիայի կողմից հայկական ավիաընկերությունների համար օդային տարածքը փակելուն, հույս է հայտնել, որ այս հանդիպումն իր հերթին կնպաստի խնդրի լուծմանը: Ի պատասխան՝ Մուստաֆա Շենթոփը նշել է, որ իրենց համար զգայուն եւ ցավալի հարց է Երեւանում «Նեմեսիս» հուշաղբյուր-կոթողի բացումը, որով էլ պայմանավորված է վերոնշյալ արգելքը: ՀՀ ԱԺ նախագահը հակադարձել է, որ բազում պատճառներ կարելի է մատնանշել, որոնց հետեւանքով բազմաթիվ գործընթացներ կանգ են առել, սակայն իր այցը նաեւ այս առումով առաջ շարժվելու ազդակ է պարունակում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանն առանձնահատուկ կարեւորում է հայ-թուրքական ցամաքային սահմանի բացումը Հայաստան եւ Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար: Նա ափսոսանք է հայտնել, որ իրեն չի հաջողվել դիվանագիտական անձնագրով հատել ցամաքային սահմանն այս միջոցառմանը մասնակցելու համար:

«Չնայած մի շարք հարցերի վերաբերյալ Հայաստանի եւ Թուրքիայի դիրքորոշումների տարբերությանը՝ հուսով ենք, որ այս հանդիպումը հիմք կծառայի հայ-թուրքական խորհրդարանական երկխոսություն հաստատելու եւ դրա շարունակականությունն ապահովելու ուղղությամբ անհրաժեշտ հիմքեր ձեւավորելու համար»,- ընդգծել է խորհրդարանի ղեկավարը:

«Մուստաֆա Շենթոփի խոսքով Թուրքիան ձգտում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: Նրա համոզմամբ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հնարավոր շուտափույթ հանգուցալուծումն օգուտ է ոչ միայն հակամարտող կողմերին, այլ ամբողջ տարածաշրջանին:

Ալեն Սիմոնյանը վերահաստատել է, որ հայկական կողմը խաղաղության օրակարգով է առաջնորդվում եւ չի շեղվելու այդ օրակարգից: Նա փաստել է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարեւանների նկատմամբ՝ վերահաստատելով, որ մեր երկրի նպատակն է տարածաշրջանում շարունակական խաղաղության ու կայունության հաստատումը»,- հայտնում են ՀՀ ԱԺ-ից՝ հավելելով, որ հանդիպմանն անդրադարձ է եղել Թուրքիա-Ադրբեջան դաշնակցային հարաբերություններին, ինչի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահը  շեշտել է, որ Բաքվի մոտեցումները կառուցողական չեն, վերջինս հանդես է գալիս առավելապաշտական դիրքերից:

Նշվում է, որ քննարկվել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձին եւ հետպատերազմական իրավիճակին առնչվող հարցեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում