Տնտեսության վերականգնման հերթական ազդակը. ՀՀ-ում 2019-ի մարտի համեմատ աշխատատեղերի թիվն ավելացել է 38 հազարով
Հայաստանի կառավարությունը տնտեսության վերականգնման հերթական ազդակն է ստացել: Գործադիրի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ կարող են արձանագրել, որ 2021 թվականի մարտին եկամուտ և աշխատավարձ ունեցող աշխատատեղերի թվի աճ է եղել:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը տեղեկացրեց՝ ամփոփել են 2021թ. մարտի աշխատատեղերի վերաբերյալ տեղեկությունները, և պատկերը հետևյալն է՝ անցյալ տարվա հետ կապված հարկման բազա ունեցող, այսինքն՝ զրոյից բարձր վարձատրվող աշխատատեղերն ավելացել են 2500-ով:
«Առհասարակ, հաշվի առնելով նախորդ տարի արդեն մարտ ամսից համավարակի առկայությունը և դրա հնարավոր ազդեցությունը՝ համեմատական վերլուծություն է իրականացվել նաև 2019թ. համեմատ՝ իրավիճակն ավելի պատկերավոր հասկանալու նպատակով: Եվ 2019թ. մարտ ամսվա համեմատ նույն աշխատատեղերի քանակն ավելի է 38 հազարով: Հարկման բազան կազմել է ավելի քան 131 մլրդ, և այդ ցուցանիշը 2020թ. մարտի համեմատ ավելի է 7.5 մլրդ դրամով, իսկ 2019թ. համեմատ 24 մլրդ-ով: Ավելի է հաշվարկվել նաև եկամտային հարկը և՛ 2020թ., և՛ 2019թ. նկատմամբ՝ համապատասխանաբար կես մլրդ և 1.3 մլրդ գումարի չափով»,- ասաց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ թվերի հավաստիության մասով կասկածելն անմտություն է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, թե առևտրաշրջանառության մասով պետք է հաշվի առնել, որ գնաճ էլ կա:
Այս առումով ՊԵԿ նախագահն ասաց, որ գնաճի գործոնը կա, ապրիլ ամսվա ցուցանիշները, սակայն, դեռ հրապարակված չեն: «Շատ ավելի ուշ համապատասխան վերլուծությունը հնարավոր է իրականացնել», - ընդգծեց Հովհաննիսյանը:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ իր հերթին արձագանքեց, թե վերլուծությունները ցույց են տալիս, որ սա տնտեսական աճի արդյունք է:
«Այս տեմպերով որ գնանք, կունենանք գրանցված աշխատատեղերի ռեկորդ Հայաստանի պատմության մեջ», - ասաց նախարարը:
Կարծիքներ