Սպանություն Քանաքեռի սեփական տներից մեկում
Ինչպես հայտնի է արդեն, այսօր՝ նոյեմբերի 15-ին, սպանություն էր տեղի ունեցել Երեւանում: Ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ էր ստացվել, որ Ֆանարջյան 3/3 հասցեում տղամարդու դի կա:
ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակին» հայտնեցին, որ տղամարդուն մահացած եւ արնաքամ վիճակում անկողնում կինն է հայտնաբերել, և հենց նա էլ զանգահարել է ոստիկանություն:
«Տղամարդը հայտնաբերվել է բռնի մահվան հետքերով՝ քթոսկրի կոտրվածք, աջ ճակատային շրջանում քերծվածքներ, մարմնական վնասվածքներ»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանը՝ հավելելով, որ մահացածը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ 54-ամյա Տիգրան Կիրակոսյանն է:
Ըստ մամուլի խոսնակի՝ դեպքի վայրի զննությամբ տան բակում հայտնաբերվել են արնանման ոտնահետքեր, վերցվել նմուշներ: Հանցագործության կատարման կասկածանքով երկու անձ է բերման ենթարկվել՝ 1976 եւ 1974 թվականի ծնված տղամարդիկ, որոնք ձերբակալվել են:
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով (սպանություն):
Կարծիքներ