Հայտնի է Երևանից Թեհրան թռնող օդանավի չարտոնված վայրէջքի պատճառը. կասեցվել է շահագործողի վկայականը
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ավարտվել է 2021 թվականի փետրվարի 19-ին և 20-ին «Ֆլայ Արմենիա էյրվեյզ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող Boeing B737-300 EK-FAA օդանավի (փետրվարի 20-ին օդանավը չարտոնված վայրէջք է կատարել Թեհրանում) մեկանգամյա տեխնիկական-տեղափոխական թռիչքների ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասնագիտական քննությունը;
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են նաև, որ արդյունքում արձանագրվել են թռիչքային անվտանգությանը սպառնացող թերություններ:
«Հիմք ընդունելով արձանագրված թերությունները, ինչպես նաև այն փաստը, որ «Ֆլայ Արմենիա էյրվեյզ» ՍՊԸ-ն ներկա պահին չունի շահագործման ենթակա որևէ պիտանի օդանավ՝ որոշում է կայացվել կասեցնել թիվ 070 օդանավ շահագործողի վկայականը: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նշված դեպքի հետ կապված քննությունը շարունակվում է»,- նշում են ՔԱԿ-ից:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն մասնագիտական քննության արդյունքները կներկայացնի ԱԱԾ-ին:
Խոսքը 2021 թվականի փետրվարի 20-ին «Ֆլայ Արմենիա էյրվեյզ» ՍՊԸ Boeing B737-300 տիպի օդանավի Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում չարտոնված վայրէջք կատարելու մասին, որը 2021 թվականի ապրիլի 23-ից գտնվում է Երևանի Զվարթնոց» օդանավակայանում:
Կարծիքներ