ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը մեկնաբանել է թուրք-ամերիկյան հարաբերությունները
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Մուրաթ Մերջանը թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերություններին, գրում է ermenihaber-ը:
Մերջանը նշել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև առկա խնդիրները չպետք է փչացնեն համագործակցությունը: Նա խոստացել է ջանքեր գործադրել ընդլայնելու թուրք-ամերիկյան համագործակցությունն այնպիսի հնարավոր ոլորտներում, որտեղ կողմերն իսկապես ունեն ընդհանուր շահեր:
Մերջանը, անդրադառնալով այն հարցին՝ թե երկողմ հարաբերություններում արդյոք անվստահության խնդիր կա, պատասխանել է.
«Եթե մենք առկա խնդիրների վրա կենտրոնանանք և մեր հարաբերությունները կառուցենք զուտ այդ շրջանակում, ապա իրականում շատ առաջընթաց չենք կարողանա գրանցել: Իսկ գիտենք, որ Թուրքիան և Ամերիկան շատ երկար տարիներ դաշնակցային հարաբերություններ ունեն և անդրատլանտյան համերաշխության ամենակարևոր երկու մեծ երկրերն են»:
Նրա համոզմամբ՝ բնական է, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում կարող են վերելքներ և վայրէջքներ լինել: ԱՄՆ-ը, որպեսզի կարողանա շարունակել իր համաշխարհային դերակատարությունը, պետք է Մերձավոր Արևելքում շարունակի իր գոյությունը:
Այնուհետև խոսելով ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերումից հետո թուրք-ամերկյան հարաբերություններում առաջացած լարվածության թեմայից՝ Մերջանն ասել է, որ այդ թեմայի շահարկումը ոչ ոքի օգուտ չի բերի:
Դեսպանի կարծիքով՝ թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա «բացասաբար ազդող» մյուս հարցը Հայոց ցեղասպանության հարցն է:
«Մինչև այսօր ԱՄՆ-ի ոչ մի նախագահ այսպես կոչված ցեղասպանություն բառը չի օգտագործել: Նորընտիր նախագահ Ջո Բայդենը վերջնական որոշում կկայացնի օգտագործե՞լ այդ տերմինը (ցեղասպանություն բառը-խմբ.), թե՞ ոչ։ ԱՄՆ-ի նախագահներն ամեն տարի ապրիլի 24-ին 1915թ. դեպքերը հիշատակելու համար հանդես են գալիս ուղերձով»,- ասել է նա:
Մերջանը նաև նշել է, որ այդ հարցում, ըստ ստեղծված իրավիճակի, Անկարայի կողմից անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվելու:
Կարծիքներ