Տղամարդը COVID-19-ի պատճառով զրկվել է ձեռքի 8 մատներից
COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի պատճառով 53-ամյա Գրեգ Գարֆիլդը զրկվել է ձեռքի 8 մատներից։ Դրանից 64 օր առաջ նա եղել է մահամերձ։
Տղամարդը կորոնավիրուսով է վարակվել 2020 թվականի փետրվարին, երբ Իտալիա էր գնացել ընկերների հետ լեռնային դահուկներով սահելու։ Նրա ինքնազգացողությունը վատթարացել է դեռեւս ուղեւորության ժամանակ եւ Լոս Անջելես վերադառնալով դիմել է ընտանեկան բժշկին։ Բժշկին հաջողվել է տեղական իշխանություններին համոզել Գարֆիլդին հատկացնել COVID-19-ի ախտորոշման առկա սակավաթիվ թեստերից մեկը, որը դրական է եղել․ այսպես նա դարձել է ԱՄՆ-ում կորոնավիրուսով առաջին պացիենտներից մեկը։ Նրան հոսպիտալացրել են շնչելու անհնարինության եւ թոքերում ցավերի գանգատներով։
Երկու օր հետո պացիենտին միացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքին (ԹԱՕ)։ Նրա մոտ բարդություններ են առաջացել․ ճնշումը կտրուկ ընկել է, զարգացել է սեպսիս, բազմաօրգանային անբավարարություն եւ ստաֆիլոկոկային ինֆեկցիա։ Բժիշկները պայքարել են նրա կյանքի համար, բայց նրա ողջ մնալու համար 100-ին մեկ հավանականություն էին կանխատեսում։
Գարֆիլդին վերակենդանացման բաժանմունքից սովորական հիվանդասենյակ են տեղափոխել ապրիլի սկզբին։ Նա այս ընթացքում 22 կգ նիհարել է, ոտքի 3 մատները սեւացել էին, իսկ ձեռքերի 8 մատների վերին ֆալանգները ստիպված էին հատել արյան շրջանառության խանգարման պատճառով։ Հոսպիտալացումից հետո 64 օր անց Գարֆիլդին հիվանդանոցից դուրս են գրել։
Դրանից հետո նա ոտքերի եւ ձեռքերի մատների վերականգնման 7 վիրահատության է ենթարկվել։ Ամերիկացին ամեն օր մարզվում է էլիփսոիդի վրա, որ թոքերն ամրացնի։ Գարֆիլդն իրեն համարում է «Երկրի ամենաբախտավոր մարդը» եւ նախատեսում դեկտեմբերին նորից լեռնային դահուկների վրա կանգնել։ Տղամարդը հայրենակիցներին կոչ է անում հետեւել COVID-19 համավարակի պատճառով մտցված սահմանափակումներին եւ հպարտանում է, որ իր շնորհիվ Լոս Անջելեսում բժիշկները հասկացան, թե ինչպես բուժեն նոր կորոնավիրուսային ինֆեկցիայով հիվանդներին։
Կարծիքներ