Էրդողանն ու Ալիևը քննարկել են Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին և դրան ի պատասխան՝ համատեղ քայլերը, հաղորդում է NTV հեռուստաալիքը:
Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսով քննարկել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
«Ս. թ. ապրիլի 24-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի միջև։
Նախարար Ջեյհուն Բայրամովը 1915 թվականի իրադարձությունները քաղաքականացնելու որոշ երկրների ղեկավարների փորձերն անընդունելի է անվանել և ընդգծել, որ ԱՄՆ նախագահի հայտարարությունը «պատմական փաստերի խեղաթյուրում էր»», – ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ցեղասպանություն էր ճանաչել 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում էթնիկ հայերի զանգվածային սպանությունները:
Ինչպես ընդգծել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, Բայդենի հայտարարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հիմնված է պոպուլիզմի վրա, Թուրքիան մերժում է այն:
Կարծիքներ