Վթարի ենթարկված բժշկուհին օգնել է նորածնին և տեղափոխել բժշկական կենտրոն. մասնագիտական սխրանքի համար արժանացել է շնորհակալագրի

Վթարի ենթարկված բժշկուհին օգնել է նորածնին և տեղափոխել բժշկական կենտրոն. մասնագիտական սխրանքի համար արժանացել է շնորհակալագրի

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը մասնագիտական սխրանքի համար բժիշկ Մերի Խաչատրյանին շնորհակալագիր է շնորհել։ Այս մասին ռեկտոր Մուրադյանը տեղեկացրել է իր «Ֆեյսբուքի» էջով։

«Նա իր արարքով ընդգծել է բժշկության մասին պատկերացումները, այն, թե բժիշկ լինելու դեպքում ինչպես է պետք ապրել: 
Ինչպես գիտեք, երեկ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ռեանիմոբիլը կանչի գնալու ճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում վթարի էր ենթարկվել։
Բժիշկ Խաչատրյանը, չնայած տեղի ունեցածին, շտապօգնության մեքենայով հասնում է Հրազդանի բժշկական կենտրոն, անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերում այն նորածնին, որի համար կատարվել էր կանչը և համալսարանական հիվանդանոցի արդեն երկրորդ ռեանիմոբիլով երեխային տեղափոխում է համապատասխան բժշկական հաստատություն:
 
«Կարծում եմ, որ յուրաքանչյուրն իմ տեղում այդպես կվարվեր»,- ասաց Մերի Խաչատրյանը` Կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանի, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Հռիփսիմե Ապրեսյանի մասնակցությամբ հրավիրված հանդիպմանը: 

Մասնագիտական սխրանքների նման օրինակները ընդգծում են առողջապահական համակարգի կարևոր բաղկացուցիչը` նվիրումը: Ձեզ սպասող, Ձեր օգնության կարիքն ունեցող փոքրիկի առողջությունը Դուք առավել բարձր եք դասել, և սա ուսուցողական է, ինչպես ապագա բժիշկների, այնպես էլ կոլեգաների համար: 

Վթարի հետևանքով «Հերացի» հիվանդանոց տեղափոխված բուժքրոջ և վարորդի վիճակը համալսարանական մասնագետների, բուհի ղեկավարության ուշադրության կենտրոնում է»,- ասվում է Մուրադյանի «Ֆեյսբուքի» էջում արված գրառման մեջ։