Իտալա-արաբական «Ասադաքահ» կենտրոնը կոչ է անում Իտալիայի ընտրություններում բոյկոտել ադրբեջանամետ կուսակցություններին ու գործիչներին
Իտալա-արաբական «Ասադաքահ» կենտրոնը դիմել է Իտալիայի հայկական, ինչպես նաև արաբական համայնքների ներկայացուցիչներին՝ հորդորելով ընտրությունների ժամանակ չքվեարկել Forza Italia կուսակցության օգտին: Նախաձեռնության պատճառը կուսակցության պատգամավոր Ուրանիա Պապտեուի ադրբեջանամետ նախաձեռնությունն է, որով նա հայկական կողմին հորդորել էր Ադրբեջանին տալ Լեռնային Ղարաբաղի այն հատվածների ականապատման քարտեզները, որոնք անցել են ադրբեջանական վերահսկողության տակ:
Կենտրոնն ահազանգել է, որ նման պահանջ ներկայացնող պատգամավորն ու նրա ներկայացրած կուսակցությունը փաստացի աջակցություն են հայտնում բռնապետական Ադրբեջանին, որի նպատակը Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտումն իրականացնելն է:
«Հայ ժողովուրդը շարունակում է Ադրբեջանից ու Թուրքիայից եկող սպառնալիքի տակ մնալ, միայնակ պայքարում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համար: Ժամանակն է դադարել հանդուրժել նրանց, ում ձեռքերն արյան մեջ են: Եվ եթե միջազգային հանրությունը լուռ է մնում՝ պայմանավորված Ադրբեջանի հետ առևտրային ու քաղաքական հարաբերություններով, մենք՝ իտալա-արաբական «Ասադաքահ» կենտրոնը, դիմում ենք բոլոր արդարամիտ իտալացիներին, հայերին, հայերին սատարողներին, օտարերկրացիներին, ովքեր դարձել են Իտալիայի քաղաքացի՝ հաջորդ ընտրություններում չքվեարկել այն կուսակցությունների օգտին, որոնց ներկայացուցիչներն աջակցում են Ադրբեջանի բռնապետությանը»,- ասվում է կենտրոնի հայտարարության մեջ:
Ավելի վաղ խնդրի վերաբերյալ մեկնաբանություն էր արել նաև ՀՀ արտգործնախարարությունը: Մասնավորապես, ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել էր, որ ադրբեջանական կողմը փորձում է գերիների վերադարձի հարցում իր համար արդարացման հիմքեր ապահովել՝ առաջ քաշելով ականապատ տարածքների քարտեզների կեղծ օրակարգ: Մեկնաբանելով Ադրբեջանի իշխանությունների հայտարարություններն առ այն, որ հայկական կողմը չի տրամադրում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ականապատ տարածքների քարտեզները՝ Աննա Նաղդալյանն ընդգծել էր. «Ինչպես գիտեք, ադրբեջանական իշխանությունները կոպտորեն խախտում են միջազգային մարդասիրական իրավունքով և 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներով ստանձնած իրենց հանձնառությունները՝ հայրենադարձնելու դեռևս պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։ Ըստ էության, ի պատասխան այս հարցում նաև միջազգային հանրության ճնշումներին, ադրբեջանական կողմը փորձում է իր համար արդարացման հիմքեր ապահովել՝ առաջ քաշելով ականապատ տարածքների քարտեզների կեղծ օրակարգ»:
Կարծիքներ