Կենսաթոշակները Երևանում, Գյումրիում և Վանաձորում հուլիսի 1-ից կվճարվեն անկանխիկ եղանակով
Հայաստանում Երևանում, Գյումրիում և Վանաձորում կենսաթոշակները հուլիսի 1-ից կվճարվեն անկանխիկ եղանակով: Կառավարության համապատասխան որոշումը հավանության արժանացավ գործադիրի հունիսի 10-ի նիստում:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը:
Նախագծի ընդունումը նպատակ ունի ապահովել «Պետական կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունիսի 18-ի օրենքի կիրարկումը: «Նշված օրենսդրության փոփոխություններով սահմանվել են, որ կենսաթոշակը 2021-ի հուլիսի 1-ից Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում վճարվելու է անկանխիկ եղանակով՝ բանկի կամ ազգային օպերատորի միջոցով՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Օրենքով նախատեսված դեպքեր են, երբ կենսաթոշակառուն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ է կամ լրացել է նրա 75 տարին կամ երբ կենսաթոշակը վճարվում է լիազորագրով կամ 14 տարին լրացած անչափահասին»,-ասաց Ստեփանյանն ու հավելեց, որ խոսքը գնում է 56 հազար 433 քաղաքացու մասին, որոնք բացառությունների շարքում չեն:
Ծրագիրն ինքնաշխատ եղանակով է ընտրելու վճարող կազմակերպությունը, եթե քաղաքացին մինչև հուլիս չկատարի ընտրություն:
Կարծիքներ