ՀՀ այցելող զբոսաշրջիկի համար ստեղծվել է COVID-19-ի թեստի պատասխանը 6 ժամում ստանալու հնարավորություն
Հայաստանի Հանրապետություն ժամանողների համար ստեղծվել է կորոնավիրուսի թեստ հանձնելու և պատասխանը 6 ժամում ստանալու հնարավորություն: «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի հանրային կապերի խմբից տեղեկացրին, որ այս մասին համագործակցության հուշագիր է ստորագրվել ասոցիացիայի և «Պրոմ-Տեստ» լաբորատորիաների ցանցի միջև:
Հուշագրի շրջանակում նախատեսվում է, որ նմուշառումը կիրականացվի զբոսաշրջիկի ինքնամեկուսացման վայրում, պատասխանը կուղարկվի ավտոմատ՝ զբոսաշրջիկի և զբոսաշրջային գործակալի էլփոստերին, ծառայությունից օգտվողները կունենան զեղչ՝ հետազոտության արժեքի 50%-ի չափով, նմուշառման և մյուս ծառայությունների համար նույնպես կգործեն զեղչեր, արտոնյալ պայմանները կգործեն նաև զբոսաշրջիկներին ուղեկցող ու սպասարկող անձնակազմերի համար։
Այս մասին փաստաթուղթը ստորագրել են «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի նախագահ Սյուզաննա Ազոյանը և «Պրոմ-Տեստ» լաբորատորիաների ցանցի աշխատակազմի ղեկավար Սևադա Գինոյանը։
«Խելացի ու համակարգված աշխատանքի արդյունքում, վստահ եմ, Հայաստանը կհաղթի զբոսաշրջության համար աննախադեպ այս մարտահրավերում նույնպես։ Անկախ այն հանգամանքից, թե երբ կունենանք զբոսաշրջային առաջին հոսքերը, մենք ցանկանում ենք առավելագույնս պատրաստ լինել՝ որպեսզի ժամանակին տեղեկացնենք նաև մեր միջազգային գործընկերներին և առավելագույն հարմարավետություն ապահովենք մասնավոր հատվածի B2B աշխատանքի համար»,- նշել է «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի նախագահ Սյուզաննա Ազոյանը։
Լաբորատորիան COVID-19-ի հետազոտության արդյունքները տրամադրում է Հայաստանում ամենաարագը՝ 6 ժամում։ Պարետի ցուցումով իրականացված որակի արտաքին հսկողության արդյունքում լաբորատորիան գնահատվել է որպես 100%-ով պահանջներին համապատասխանող։
Արտակարգ դրության պայմանների մեղմացման այս փուլում ՀՀ ԱԴ պարետի որոշմամբ, Հայաստան ժամանողները պետք է 14-օրյա ինքնամեկուսացում անցնեն, որի ժամկետը կարող է կրճատվել թեստավորման և դրա բացասական պատասխանի արդյունքում։
Կարծիքներ