Ռուսաստանը և Հայաստանը դաշնակիցներ են մնում՝ չնայած առկա տարաձայնություններին. Կոպիրկին
Հայաստանը և Ռուսաստանը շարունակում են մնալ ռազմավարական դաշնակիցներ, և այդ դաշնակցային հարաբերությունները համապատասխանում են երկու երկրների առանցքային շահերին՝ չնայած առկա որոշակի տարաձայնություններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Մենք կարծում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանի Հանրապետությունը շարունակում են մնալ գործընկերներ և ռազմավարական դաշնակիցներ, որոնց միավորում են ընդհանուր շահերը, ընդհանուր պատմությունը և միջազգային հարցերի շուրջ համանման հայացքները, և որ այդ դաշինքը համապատասխանում է երկու մասնակիցների առանցքային շահերին», - ասել է ՌԴ դեսպանը։
Կոպիրկինը նաև նշել է, որ Հայաստանում ՌԴ դեսպանությունը շարունակում է աշխատել և կառուցել շփումները՝ հիմնվելով այս ընկալման վրա:
«Անշուշտ, չի կարելի հերքել մեր երկկողմ և բազմակողմ օրակարգում որոշակի տարաձայնությունների առկայությունը։ Ե՛վ ռուսական, և՛ հայկական կողմերը պատրաստ են ցանկացած վիճելի թեմա քննարկել անկեղծորեն և կառուցողական մթնոլորտում, ինչպես վայել է դաշնակիցներին», - հավելել է ՌԴ դեսպանը։
Ինչ վերաբերում է դեսպանության աշխատանքին, Կոպիրկինը նշել է, որ այս փուլում աշխատանքային գործընթացում որևէ էական փոփոխություն չի նկատվում։
«Մենք շարունակում ենք աշխատել ռուս-հայկական համապարփակ համագործակցության շրջանակներում առաջադրված խնդիրների վրա։ Վստահ ենք, որ այս խնդիրների իրականացումը օգուտ կբերի ինչպես ռուս, այնպես էլ հայ ժողովուրդներին», - ասել է Սերգեյ Կոպիրկինը։
Կարծիքներ