Դեբեդից դուրս բերված 2-ամյա երեխան տեղափոխվել է Երևան. առկա է որովայնի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, ջրահեղձություն
Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ՝ ապրիլի 25-ին Ալավերդի քաղաքում երկու տարեկան երեխային գտել են Դեբեդ գետում:
Գետից դուրս բերելուց հետո փոքրիկը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց: Մարզային ԲԿ-ների բժիշկների հետ քննարկումներից հետո որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երևան:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ բժիշկները նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Փոքրիկի մոտ առկա է որովայնի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, ջրահեղձություն:
Վիճակը ծանր է, գտնվում է բժիշկների խիստ վերահսկողության տակ:
Հիշեցնենք, սպանության փորձ կատարելու կասկածանքով Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասից Թումանյանի բաժին բերման է ենթարկվել երեխայի մայրը: Նա հաղորդում է տվել, որ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով իր մանկահասակ դստերը նշված վայրում 3-4 մետր բարձրությունից գցել է Դեբեդ գետը: Հարուցվել է քրեական գործ, մայրը ձերբակալվել է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ահազանգը ստանալուց հետո դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Օձունի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում էր 30 փրկարար:
Երեխային ջրահեղձ, անգիտակից վիճակում գտել և հիվանդանոց է տեղափոխել Ալավերդու 32-ամյա մի բնակիչ:
Կարծիքներ