Հայաստանի տարածքում ուժեղ երկրաշարժ չի սպասվում. ԱԻՆ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է երեկ Հայաստանի տարածքում տեղի ունեցած երկրաշարժի և ապագայում ցնցումների հնարավոր կրկնության մասին պատմող տեսանյութ:
ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի գլխավոր խորհրդական Հրաչյա Պետրոսյանը հիշեցնում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք՝ օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով: Ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:
Պետրոսյանի խոսքով՝ երկրաշարժին հետևել է մոտ 60 սեյսմիկ ցնցում, և բոլորն էլ ավելի թույլ են եղել, քան առաջին ցնցումը: Նրա խոսքով՝ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության օպերատիվ անձնակազմն ամբողջ գիշեր հետևել է սեյսմիկ ռեժիմի զարգացմանը: «Ունենք նորագույն սեյսմիկ կայաններ, որոնք տեղադրված են ՀՀ ողջ տարածքում: Դիտարկվել են սեյսմիկ տվյալները, ըստ որոնց՝ որևէ ուժեղ երկրաշարժ Հայաստանի տարածքում չի սպասվում»,- նշում է Պետրոսյանը:
ԱԻՆ ՃԿԱԿ օպերատիվ հերթափոխի պետ Արա Սահակյանի խոսքով՝ առաջիկա օրերին ՀՀ-ում և հարակից տարածքներում սեյսմիկությունը շարունակելու է դրսևորվել թույլ և միջին ուժգնության երկրաշարժերի տեսքով, ուժեղ սեյսմիկ ցնցումների հավանականությունը փոքր է:
Կարծիքներ