Արեւանման աստղի վրա աղետալի բռնկում են նկատել
Աստղագետները հետեւել են, թե ինչպես է արեւանման EK Draconis աստղն էներգիայի զանգվածային պոռթկում առաջացնում, որը գերազանցում է Արեգակնային համակարգում երբեւէ գրանցված ամեն ինչ: Նման ուժգնության կորոնային զանգվածի արտանետումը կարող է աղետալի վնաս պատճառել ուղեծրում գտնվող արբանյակներին եւ Երկրի էլեկտրական ցանցերին: Այս մասին հաղորդվում է Nature Astronomy ամսագրում հրապարակված հոդվածում, փոխանցում է «Լենտա»-ն։
2020 թվականի ապրիլին գիտնականները արձանագրել են, թե ինչպես է EK Draconis-ը կվադրիլիոն կիլոգրամ զանգվածով շիկացած պլազմայի ամպ արտանետում: Սա ավելի քան տասն անգամ գերազանցում է ամենահզոր կորոնային զանգվածի արտանետումը, որը երբեւէ գրանցվել է արեւանման աստղից: Դիտարկումներն իրականացվել են TESS տիեզերական աստղադիտակի եւ Կիոտոյի համալսարանի SEIMEI աստղադիտակի միջոցով։
Հայտնի է, որ գերբռնկումները հաճախ են տեղի ունենում արեւանման երիտասարդ աստղերի վրա։ Տեսականորեն նման երեւույթ կարող է տեղի ունենալ նաեւ Արեգակի վրա՝ մի քանի հազար տարին մեկ հաճախականությամբ։ Սակայն հայտնի չէր` արդյոք նման երեւույթը կարող է կորոնային զանգվածի գերհզոր արտանետում առաջացնել։ Գիտնականները պարզել են, որ 2020 թվականին EK Draconis-ի վրա արտանետման պատճառ է դարձել հենց դրանից 30 րոպե առաջ տեղի ունեցած գերբռնկումը:
Կարծիքներ