ՀՀ պաշտպանության նախարարը ծանոթացել է «Աստղիկ» ԲԿ-ում բուժվող զինծառայողների առողջական վիճակին
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և զինված ուժերի ռազմաբժշկական ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ մայիսի 1-ին այցելել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղում ծանոթացել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում ծանր վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակին։ Վաղարշակ Հարությունյանին ներկայացվել է ժամկետային զինծառայող Հայկ Զաքարյանի և կապիտան Հայկ Ավանեսյանի ապաքինման ընթացքը: Զեկուցվել է, որ Հայկ Զաքարյանի բուժումն արտերկրում կազմակերպելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն արդեն պատրաստ են, և մի քանի օրից նա կտեղափոխվի Գերմանիա՝ հետագա բուժումն այնտեղ շարունակելու նպատակով։
Ըստ աղբյուրի՝ կապիտան Հայկ Ավանեսյանի հետագա բուժումն առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ հստակ քայլեր և առաջարկություններ կներկայացվեն հավելյալ հետազոտություններից հետո:
Վաղարշակ Հարութունյանը բարձր է գնահատել բժիշկների կատարած աշխատանքը և շնորհակալություն հայտնել բժշկական կենտրոնի անձնակազմին՝ զինծառայողների ապաքինման ուղղությամբ գործադրած ջանքերի համար:
Կարծիքներ