Պուտինը բացատրել է՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում չէր
Հայաստանը ԱՊՀ-ից «ոչ մի տեղ չի գնում», իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկի գագաթնաժողովին բացակայում է «միանգամայն հասկանալի հանգամանքների պատճառով»։
Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ինձ զանգահարեց վարչապետ Փաշինյանը, խոսեցինք այսօրվա գագաթնաժողովի մասին: Կան հանգամանքներ, որոնք ես միանգամայն հասկանալի եմ համարում, չեմ խոսի այդ մասին, ավելի լավ է այդ մասին հարցնել Հայաստանի վարչապետին, բայց որքան հասկանում եմ, Հայաստանը չի լքում ԱՊՀ-ն»,- ասել է Պուտինը:
Նա հիշեցրել է, որ 2023 թվականին Եվրամիության տնտեսական աճը բավականին ցածր է՝ ընդամենը 0,5 տոկոս հարավային երկրների հաշվին, մինչդեռ ԱՊՀ երկրների տնտեսությունն աճել է ավելի քան 2 տոկոսով։
«Իհարկե, զարգացման ընդհանուր մակարդակը պարզ է, այստեղ հարցեր չկան, ես արդեն ասել եմ եվրոգոտու առավելությունների մասին, սա ակնհայտ է, բայց մեր միտումը դեռ ավելի դրական է, հետևաբար ինչու՞ հրաժարվել սրանից, դա ուղղակի հիմարություն է», - պարզաբանել է պետության ղեկավարը:
Միաժամանակ նախագահը կարեւորագույն հանգամանք է անվանել այն, որ ԱՊՀ երկրները միավորված են մեկ միասնական ենթակառուցվածքով, որը ժառանգել են ԽՍՀՄ-ից։
«Մեզ միավորում է ամբողջ ճյուղերի փոխլրացումը, մեզ միավորում է կադրերի պատրաստման համակարգը, որը կառուցվածքով շատ նման է: Կան չափազանց շատ հանգամանքներ, որոնք բարձրացնում են յուրաքանչյուր առանձին տնտեսության մրցունակությունը»,- եզրափակել է Պուտինը:
Նրա խոսքով, ԱՊՀ-ում մնալը «կամավոր հարց է», և Համագործակցության բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա:
Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ գագաթնաժողովի քննարկումը «շատ աշխույժ է անցել», և «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող» բազմաթիվ փաստաթղթեր են ստորագրվել։
«Մինչ դրանք ընդունելը մենք քննարկել և խոսել ենք այդ փաստաթղթերի տարբեր ասպեկտների մասին»,- ընդգծել է Պուտինը։
Նա հիշեցրել է, որ հունվարին Ռուսաստանը կստանձնի ԱՊՀ հաջորդ գագաթնաժողովի նախագահությունը, որը տեղի կունենա Մոսկվայում 2024 թվականի հոկտեմբերի 8-ին, ինչի համար «հսկայական ծրագիր» է պատրաստվում։
«Բոլորը համաձայն են այս օրակարգի հետ, մենք աշխատելու ենք»,- եզրափակել է երկրի ղեկավարը:
Կարծիքներ