Անդրեասյանը և Համաշխարհային հակադոպինգային գործակալության տնօրենը բարձր են գնահատել կողմերի փոխգործակցությունը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության տնօրեն Թոմ Մեյին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Ժաննա Անդրեասյանը կարևորել Թոմ Մեյի ներկայությունը Երևանում անցկացվելիք միջազգային հակադոպինգային համաժողովի շրջանակում. այն կրում է «Հայաստանում դոպինգի դեմ պայքարի համակարգված մոտեցումը բարելավելու համար ներքին համակարգման բարձրացում՝ լավագույն փորձի ներդրման միջոցով» խորագիրը: Կողմերը բարձր են գնահատել գործակալության և նախարարության փոխգործակցությունը դոպինգի դեմ պայքարում:
«Մեզ համար կարևոր է ձեզ հետ իրականացվող համատեղ աշխատանքը, և շնորհակալ ենք աջակցության համար: Հույս ունենք, որ այս համաժողովը կհստակեցնի գործողությունների պլանը, որով պետք է առաջնորդվենք առաջիկայում: Մենք նոյեմբեր ամսին Երևանում ընդունելու ենք սամբոյի աշխարհի մեծերի և բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունները, և այս համատեքստում ևս մեր համագործակցությունը շատ կարևոր է»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նշվում է, որ կողմերը դիտարկել են համատեղ ծրագրային նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունը, որը կներառի նաև միջազգային փորձի փոխանակումը, Հայաստանի սպորտի բնագավառում բարձրացնելու դոպինգի դեմ պայքարի կառավարման արդյունավետությունը:
Ըստ աղբյուրի՝ Համաշխարհային հակադոպինգային գործակալության տնօրեն Թոմ Մեյը բարձր է գնահատել Հայաստանի հետ շարունակական աշխատանքները և նշյալ կարևոր առաջնությունները Երևանում անցկացնելու հանգամանքը, ինչը, ըստ նրա, մատնանշում է սպորտի ոլորտում ՀՀ կառավարության առանձնահատուկ վերաբերմունքը:
Կարծիքներ