Լոնդոնում Հայոց ցեղասպանության ոգեկոչման երթ է կայացել Վեսթմինսթր մայր տաճարից մինչև Սուրբ Եղիշե եկեղեցի
Լոնդոնում ապրիլի 22-ից 24-ը կազմակերպվել են մի շարք միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 107-րդ տարելիցին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ ապրիլի 22-ին Լոնդոնի հայկական Սուրբ Եղիշե եկեղեցում անց է կացվել հիշատակի երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, իսկ ապրիլի 23-ին կազմակերպվել է երթ Վեսթմինսթր մայր տաճարից մինչև Սուրբ Եղիշե եկեղեցի։
«Ապրիլի 24-ին Սուրբ Եղիշե եկեղեցում անց է կացվել հոգեհանգստի արարողություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որից հետո հիշատակի միջոցառում է կազմակերպվել Լոնդոնի Իլինգ թաղամասում գտնվող Հիշատակի ծառի մոտ (Memorial Tree)»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ վերոնշյալ միջոցառումներին դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդես է եկել ուղերձներով, որոնցում նշել է, որ Հայաստանը շարունակելու է ակտիվորեն նպաստել ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին։
«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը կարևոր է ապագա հնարավոր ցեղասպանությունների կանխարգելման համար։ Հայաստանը երկար տարիներ եղել և շարունակում է մնալ միջազգային ասպարեզում ցեղասպանության դեմ պայքարի ազատամարտիկը՝ հեղինակելով մի շարք բանաձևեր։
Անցյալի ցեղասպանությունների ճանաչումը և ոգեկոչումը առանցքային նշանակություն ունի աշխարհի որևէ անկյունում նմանօրինակ ոճրագործության կամ ցեղասպանության կրկնության կանխարգելման համար։
Հայոց ցեղասպանության անպատժելիությունն այսօր ոգեշնչում է միջազգային նոր հանցանքներ ծրագրողներին։
2020թ․ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած պատերազմը, որն ուղեկցվում էր հանցագործություններով և էթնիկ զտումներով, ի ցույց դրեց, որ նախկինում իրականացված հանցագործությունների անպատժելիությունն անդառնալի հետևանքներ կարող է ունենալ»,- հայտնում են դեսպանությունից։
Կարծիքներ