Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտնել է ԱՄՆ առաքելությունների ղեկավարների տարածաշրջանային համաժողովի մանրամասները
Հարավային Կովկասում ամերիկյան դիվանագիտական առաքելությունների ղեկավարների տարածաշրջանային համաժողովները տեղի են ունենում կանոնավոր հիմունքներով Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի մայրաքաղաքներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ադրբեջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը՝ անդրադառնալով թեմայի առնչությամբ ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված տեղեկությանը:
Ամերիկյան դեսպանությունը հայտնում է, որ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնը մեկնում է Ադրբեջան հանդիպելու ադրբեջանական կառավարության պաշտոնյաների հետ: Պետքարտուղարի փոխտեղակալը ապրիլի 27-28-ին նաև կմասնակցի Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների տարածաշրջանային համաժողովին՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էռլ Լի Լիցենբերգերի, Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանի և Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի, ինչպես նաև Եվրոպային ու Եվրասիային ԱՄՆ աջակցության հարցերով համակարգող Գրեգ Նաարդենի եւ Պետքարտուղարության Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Էնդրյու Շոֆերի հետ միասին:
«Դիվանագիտական առաքելությունների ղեկավարների այդպիսի համաժողովները անցկացվում են կանոնավոր հիմունքներով: Վերջինը տեղի է ունեցել Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատանը 2021 թվականին: Մինչ այդ համաժողովներ են եղել Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանատանը 2019 թ. եւ Թբիլիսիում Միացյալ Նահանգների դեսպանատանը՝ 2018 թ.: 2020 թ. համաժողով տեղի չի ունեցել COVID-19-ի պատճառով», - հաղորդել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը:
Նշենք, որ Էնդրյու Շոֆերը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է Միացյալ Նահանգների կողմից:
Կարծիքներ