Սլովակիայի դեսպանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

Սլովակիայի դեսպանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն է այցելել ՀՀ-ում Սլովակիայի դեսպան Միրոսլավ Հացեկը: Այս մասին հայտնեցին ԵՊԲՀ-ից:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը դեսպանին ներկայացրել է կենտրոնի աշխատանքները, ինչպես նաև Զինվորի տան պատմությունը, առաքելությունը և զարգացման տեսլականը։

Միրոսլավ Հացեկը նշել է, որ ուրախ է հյուրընկալվել հայրենիքի պաշտանի վերականգնողական կենտրոնում՝ շեշտելով, որ այցը հնարավորություն է ընձեռում հետագա համագործակցության համար:

«Հայերն ու սլովակներն իրենց մտածելակերպով և ջերմությամբ շատ նման են իրար: Դա է պատճառը, որ մեզ համար միևնույն չէ, թե ինչ կատարվեց Հայաստանում: Այս հանդիպումն առաջին քայլն է Հայաստանի և Սլովակիայի համալսարանների միջև համագործակցություն սկսելու համար»,-ընդգծել է Սլովակիայի դեսպանը:

ԵՊԲՀ ռեկտորն ընդգծել է, որ համատեղ քննարկումները թույլ են տալիս հասկանալու, թե ինչ հնարավորություներ կան հարաբերությունները սերտացնելու Բրատիսլավայի բժշկական հանրության և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի միջև:

«Պրակտիկ բժիշկների և շրջանավարտների միջոցով հնարավոր է հաջողությամբ հասնել ամուր համագործակցության: Հաշվի առնելով ձեր այցը՝ վստահ եմ, որ այն կարող է իրականացվել նաև պետական մակարդակով: Բժշկական համալսարանը միջազգային բուհ է, որի շրջանավարտներն իրենց գործունեությունն են իրականացնում աշխարհի 40 երկրում: Չնայած վերջին շրջանի ծանր իրադարձություններին, ԵՊԲՀ-ն շարունակում է հաջողությամբ իրականացնել իր առաքելությունը»,- նշել է Արմեն Մուրադյանը:

Այնուհետև դեսպան Միրոսլավ Հացեկի միջոցով Սլովակիայի Հանրապետության կողմից հումանիտար օգնություն է փոխանցվել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանին։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում