Ապրիլին ԱԻՆ 911 ծառայությունում ստացվել է ավելի քան 42 հազար ահազանգ
Ապրիլի 26-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է փրկարար ծառայության ամենամսյա գործունեության արդյունքների ամփոփումը, որը վարել է նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը:
Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը զեկուցել է ամսվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Ապրիլի 1-26-ը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ծառայությունում ստացվել է 42.331 զանգ. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 10%-ով աճ է գրանցվել: Հակահրդեհային ազդարարման համակարգերով սպասարկվել է 369 ահազանգ, որից 363-ի դեպքում դրանք վերաբերել են հրդեհի առաջացմանը կամ դրա սպառնալիքին:
ՓԾ տնօրենի տեղեկացմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է 802 արտակարգ դեպք և պատահար: Այս տարվա ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում ավելացել են հրդեհների և օձերի խայթոցների դեպքերը:
Նշվեց նաև, որ ծառայության կողմից իրականացվում են մի շարք իրավական փաստաթղթերի լրամշակումներ՝ մասնավորապես լրամշակվում է «Ուժեղ երկրաշարժի դեպքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գործողությունների պլանը», մշակվում են մի շարք մարզերի «Աղետների ռիսկերի կառավարման պլանները»:
Առաջարկություններ են ներկայացվել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ գետերի և սելավատարների վտանգավոր հատվածներում հսկողություն և առաջնային կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ։ Նախարարի պաշտոնակատար Ա. Փիլոյանը հանձնարարել է շարունակել ուշադրության կենտրոնում պահել պատսպարանների հետ կապված խնդիրները:
Ապրիլ ամսվա գործունեության արդյունքերը ներկայացրել են նաև մարզային փրկարարական վարչությունների ղեկավարները: Զեկուցվել է, որ կապված հանգստյան սեզոնի մոտալուտ բացման հետ՝ Սևանա լճի հանրային լողափերի պատասխանատուներին արդեն ներկայացվել են համապատասխան պահանջներ՝ դրանք կահավորելու և պատշաճ վիճակի բերելու համար:
Միջոցառման ավարտին տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Անդրանիկ Փիլոյանը և ՀՀ ՊՆ ներկայացուցիչ գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը պատվոգրեր են հանձնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 25 աշխատակցի՝ մարտական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների կամ այլ անձանց տվյալների ճշտման և հավաքագրման հանձնաժողովի աշխատանքներին օժանդակություն ցուցաբերելու և բարեխիղճ ծառայության համար:
Կարծիքներ