Ցուցահանդես՝ «Հողի գաղտնիքը․ Շահումյանի նորահայտ դամբարանը (մ․թ․ա․ 2800-2600 թթ․)
Այսօր՝ ժամը 18:30-ին, Ժողովրդական արվեստների թանգարանում տեղի կունենա «Հողի գաղտնիքը. Շահումյանի նորահայտ դամբարանը (մ.թ.ա. 2800-2600 թթ.)» խորագրով ցուցահանդեսի բացումը:Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունից։
Կցուցադրվեն վաղ բրոնզե դարի «կուր-արաքսյան» մշակույթը ներկայացնող նմուշներ Հայաստանի պատմության թանգարանից և Արմավիրի մարզի Շահումյան համայնքում այս տարի հայտնաբերված դամբարանից, որն իր տեսակով առաջինն է ՀՀ տարածքում:
ՀՀ տարածքում ներկայումս հայտնաբերվել և գրանցվել է «կուր-արաքսյան» («շենգավիթյան», «վաղ անդրկովկասյան») մշակույթը նշանավորող մոտ 200 հուշարձան՝ բնակավայրեր և դամբարանադաշտեր։
Ձևավորման օջախի (Հայաստանի ժամանակակից տարածքը հարևան շրջաններով) սահմաններից դուրս տարածման իր մասշտաբներով, մշակույթի լոկալ տարբերակների բազմազանությամբ պատմամշակութային այս ֆենոմենն առանցքային դերակատարում է ունեցել առաջավորասիական քաղաքակրթական օյկումենի ձևավորման գործընթացներում։
Շահումյանի դամբարանը, որը պատկանում է վաղ բրոնզի դարի «կուր-արաքսյան մշակույթին», հայտնաբերել է Մուշեղ Հարությունյանը՝ իր այգում ծառատունկի ժամանակ։ Հուշարձանի և տարածքի ուսումնասիրությունը սկսվել է այս տարվա օգոստոս ամսին։
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը (ղեկավար՝ պատմ․ գիտ․ դոկտոր Ռ. Բադալյան) աշխատանքների առաջին իսկ օրերին պարզել է, որ պեղվում է մ․թ․ա․ III հազարամյակի առաջին քառորդով ժամանակագրվող խիստ ուշագրավ մի դամբարան:
Այս դամբարանը «շրեշ-մոխրաբլուրյան» տիպի առաջին ու միակ թաղումն է, որ հայտնի է դարձել գիտությանը։ Սա հնագիտական և մարդաբանական նյութի քանակով ու բազմազանությամբ նախադեպը չունեցող հնագիտական համալիր է:
Նախնական տվյալներն ունենալով՝ վստահաբար կարելի է ասել, որ հայտնաբերվել է լեռնաշխարհի հնագույն անցյալի ուսումնասիրության բացառիկ մի սկզբնաղբյուր:
Ցուցահանդեսը, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի նախաձեռնությամբ ու Հայաստանի պատմության թանգարանի և Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի հետ համագործակցությամբ, բաց կլինի մինչև դեկտեմբերի 30-ը։
Կարծիքներ