ԵԱՏՄ անդամ երկրները վերացրել են խոչընդոտների 80 տոկոսը. Ղազախստանի վարչապետ
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները հինգ տարվա ընթացքում վերացրել են Միության խոչընդոտների 80 տոկոսը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին ունեցած ելույթում այս մասին ասաց Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը։
«2016 թվականից առ այսօր ԵԱՏՄ շրջանակներում վերացվել է ներքին շուկայում երբևէ գոյություն ունեցող խոչընդոտների 80 տոկոսը։ Մեծածավալ աշխատանք է կատարվել մի շարք կարևորագույն ոլորտներում առևտրի պայմանների ներդաշնակեցման ուղղությամբ»,- ասաց Ղազախստանի վարչապետը։
Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ աշխատանքների հետագա խթանման համար Ղրղզստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նախորդ նիստի շրջանակներում կողմերը հաստատել են բացառումների և սահմանափակումների ցանկը, որոնք ենթակա են վերացման մինչև 2023 թվականի հունվարի 1-ը:
Ղազախստանի կառավարության ղեկավարը նաև նշել է, որ արդեն իսկ մեկնարկել է Եվրասիական ապրանքափոխադրման համակարգի հայեցակարգի ձևավորումը։
«Ղազախստանի կողմից նշված ենթակառուցվածքի կառուցման աշխատանքներն արդեն ակտիվորեն ընթանում են։ Ձեռնարկված միջոցառումները դրական ազդեցություն են ունեցել ԵԱՏՄ-ի փոխադարձ առևտրի վրա, որի ծավալը 9 ամսում կազմել է 52 միլիարդ դոլար ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 32,5 տոկոսով եւ 16,5 տոկոսով ՝ 2019 թվականի մինչհամավարակային ցուցանիշի համեմատությամբ»,- հավելեց Ղազախստանի վարչապետը։
Կարծիքներ