Արտահանման աճ, գնաճ, հարկային վճարումներ. նախարարը ներկայացրեց բյուջեի 1-ին կիսամյակի կատարման ընթացքը
Հայաստանում 2021-ի առաջին կիսամյակում արձանագրվել է ապրանքաշրջանառության աճ, գնաճ, հարկային վճարումները ևս բարձր են եղել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում 2021թ.-ի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքի քննարկմանը:
Նախարարը նախ նշեց, որ 2021-ն առանձնահատուկ է նրանով, որ ամբողջ աշխարհը, այդ թվում՝ ՀՀ առևտրային գործընկերներն, ունեն տնտեսական զարգացումների ավելի լավ միջավայր, քան ի սկզբանե նախատեսված էր: Երկրորդ առանձնահատկությունն այն է եղել, որ որոշակի հումքային ապրանքատեսակների միջազգային գներն էական փոփոխությունների են ենթարկվել, և առանձին դեպքերում դրանք էապես ազդել են ՀՀ-ում տնտեսական ակտիվության վրա: Դրանցից հատկանշականը պղնձի գինն է:
«Այսպիսի պայմաններում 2021-ի հունվար-փետրվարին որոշակի անկում արձանագրելուց հետո տնտեսությունը սկսել է վերականգնվել, և 2021-ի առաջին կիսամյակի արդյունքներով արձանագրվել է տնտեսական ակտիվության 5 տոկոս աճ: Ապրիլ ամսից ունեցել ենք զգալի բարձր տնտեսական ակտիվություն, և այն շարունակվում է մինչև կիսամյակի ցուցանիշը ներառող ժամանակահատվածում ունենալ աճի միտում»,-ասաց Խաչատրյանը:
Գրեթե բոլոր ոլորտներում աճի միտում է արձանագրվել: Առավել բարձր աճ են արձանագրել ծառայությունները և առևտուրը, բայց նաև՝ շինարարությունը, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը:
«Մասնավորապես, արդյունաբերության աճը հիմնականում պայմանավորված է եղել հանքագործական արդյունաբերության և բաց հանքերի շահագործման հետ: Գյուղատնտեսությունն աճել է՝ հիմնականում պայմանավորված բուսաբուծության ոլորտում դիտարկված բարձր տնտեսական ակտիվությամբ»,-ասաց Խաչատրյանը:
Նախարարը նկատեց՝ այս տարին առանձնահատուկ է գնաճային բարձր ցուցանիշներով, ինչն իր հիմքում ունի տարբեր պատճառներ: Գնաճը կազմել է 5.7 տոկոս, այդ թվում՝ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների մասով գների աճը կազմել է 7.7 տոկոս, ալկոհոլային խմիչքների և ծխախոտի դեպքում՝ 9.1 տոկոս, ոչ պարենային ապրանքների գների աճը եղել է 7.9 տոկոս, իսկ ծառայությունների սակագներն արձանագրել են 2 տոկոս աճ:
Արտաքին առևտրի բնագավառում եղել են դրական արձանագրումներ:
«Արտաքին ապրանքաշրջանառությունն աճել է 13.4 տոկոսով և կազմել 3.5 մլրդ դոլար, արտահանումն աճել է 23.3 տոկոս՝ 1.4 մլրդ դոլար, ներմուծումն աճել է 7.9 տոկոս և կազմել 2.2 մլրդ դոլար»,-ասաց նախարարը:
Վարկերի ծավալը վերջին ամիսներին նվազել է: «Հունվար-հունիսին շատ բարձր հարկային վճարումներ են եղել. 10.3 տոկոս՝ նախորդ 6-ամսյա ժամանակահատվածի համեմատ»,-ասաց նա:
Տարվա ընթացքում որոշակի միջոցառումներ են իրականացվել, որոնք կապ են ունեցել համավարակի հետևանքների հետ, նաև պատերազմի հետևանքով պայմանավորված սոցիալական բնույթի ծախսեր են եղել:
«6 ամսվա կտրվածքով հարկաբյուջետային քաղաքականության ընդհանուր ազդեցությունը տնտեսական զարգացումների վրա գնահատվում է զսպվող, շատ ընդլայնողական ազդեցություն չենք արձանագրել»,-ասաց Խաչատրյանը:
Կարծիքներ