ԱԳ փոխնախարարը Սեյմասի փոխնախագահին երախտագիտություն է հայտնել Լիտվայի ցուցաբերած հումանիտար աջակցության համար
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխնախագահ Ռադվիլե Մորկունայտե-Միկուլիենեի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նախարարի տեղակալը ողջունել է Լիտվայի Սեյմասի պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել Լիտվայի՝ Հայաստանի համար մարտահրավերներով լի այս շրջանում քաղաքական սատարումը, և երախտագիտություն հայտնել Հայաստանին ցուցաբերած հումանիտար աջակցության համար: Պարույր Հովհաննիսյանը կարևորել է միջխորհրդարանական երկխոսությունը և այդ համատեքստում բարձր է գնահատել երկու երկրների խորհրդարանների միջև առկա համագործակցությունը:
Ըստ աղբյուրի՝ ԱԳ նախարարի տեղակալը լիտվական կողմին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակը:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին, Հայաստան-Լիտվա երկկողմ, ինչպես նաև ՀՀ-ԵՄ փոխգործակցության օրակարգերին վերաբերող հարցերին:
Կարծիքներ