Եթե քաղաքական դասավորվածության մեջ որևէ փոփոխություն կա, ապա այն հօգուտ ՔՊ-ի է. Գալջյանը մանրամասնել է

Եթե քաղաքական դասավորվածության մեջ որևէ փոփոխություն կա, ապա այն հօգուտ ՔՊ-ի է. Գալջյանը մանրամասնել է

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Գյումրիի ՏԻՄ ընտրություններին ու հետընտրական զարգացումների վերաբերյալ աղմուկին:

Նա մանրամասնել է, որ եթե քաղաքական դասավորվածության մեջ որևէ փոփոխություն կա, ապա այն հօգուտ ՔՊ-ի է, քանի որ Գյումրու ավագանիում 11 մանդատի փոխարեն այժմ կունենա 14 մանդատ։

«Ընդդիմության կողմից Գյումրու ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ արվող եզրահանգումները և ուրախությունը մեղմ ասած, տարօրինակ են։ 2021 թվականի ավագանու ընտրությունների համեմատ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է շուրջ 10,000-ով ավելի քվե, իսկ պնդումները, թե ՔՊ-ի կողմից քաղաքային իշխանություն չձևավորելու դեպքում իշխանափոխության շանսերը մեծանում են, ոչ միայն անհիմն են, այլև հակասում են քաղաքական տրամաբանությանը։

ՔՊ-ն երբևէ Գյումրիում քաղաքային իշխանություն չի ունեցել, հետևաբար, եթե քաղաքական դասավորվածության մեջ որևէ փոփոխություն կա, ապա այն հօգուտ ՔՊ-ի է, քանի որ Գյումրու ավագանիում 11 մանդատի փոխարեն այժմ կունենա 14 մանդատ։

Ավելին, այս ընտրությունները ՔՊ-ի համար Գյումրու ՏԻՄ մակարդակում արձանագրած ամենաբարձր արդյունքն են՝ կուսակցության հիմնադրման օրվանից ի վեր (2016 թ.՝ 638 ձայն, 2021 թ.՝ 7,786 ձայն, 2025 թ.՝ 17,183 ձայն), ինչը հստակ վկայում է Գյումրիում քաղաքական դիրքերի շարունակական ամրապնդման մասին։

Նկատելի է նաև, որ 2-րդ տեղը զբաղեցրած թեկնածուն, որը 2008 թվականի Գյումրու քաղաքապետի ընտրությունների ժամանակ ստացել էր շուրջ 31,000 քվե, 2025 թվականին ստացել է ընդամենը մոտ 9,000 քվե, իսկ 3-րդ տեղը զբաղեցրած թեկնածուն 2008թ. ընտրություններում ստացել էր շուրջ 19,000 քվե, 2025-ին ստացել է մոտ 7,000 քվե։ Ակնհայտ է, որ այդ տարիներին այդ քվեները ձևավորվել էին մի շարք արատավոր երևույթների միջոցով։

Քաղաքական տեսանկյունից ընտրությունների արդյունքները միանշանակ հօգուտ ՔՊ-ի են, և ՏԻՄ կառավարման համակարգին տիրապետող ցանկացած անձ հասկանում է, որ հետընտրական զարգացումների բոլոր հնարավոր սցենարները, մեծ հաշվով, նույնպես նպաստելու են ՔՊ-ի դիրքերի հետագա ուժեղացմանը»,- գրել է Գալջյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում