Տաշիրի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերել
Փետրվարի 2-ին Տաշիրի ոստիկանների աչալուրջ ծառայության շնորհիվ ապօրինի պահվող հրացաններ են առգրավվել։
Ժամը 17-ին բաժնի քրեական հետախույզները Տաշիր քաղաքի Երևանյան-Լճափնյա փողոցների խաչմերուկում շրջայցի ժամանակ նկատել են «ՎԱԶ 2121» մակնիշի մեքենա, որի սրահում հրացաններ են եղել: Վարորդը Տաշիր քաղաքի բնակիչ էր, երկու ուղևորները՝ Նորաշեն գյուղի:
Ստուգման արդյունքում պարզվել է, որ BM-16, «ԻԺ» և «Վալտեր» տիպի հրացաններից միայն վարորդին պատկանող «Վալտերն» է օրինական, իսկ երկու ուղևորների հրացաններն ապօրինի էին։ Ըստ նրանց՝ դրանք պատկանել են հանգուցյալ պապերին:
Բացի այդ, ոստիկանները մեքենայի բեռնախցիկում հայտնաբերել են աղվեսի մորթի: Ըստ 31-ամյա վարորդի՝ նույն օրը Նորաշեն գյուղի սարում իր անվամբ հաշվառված «Վալտերով» ինքն էր որսացել աղվեսն ու առանձնացրել մորթին: Հայտնաբերվել է նաև որսորդական դանակ։
Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Հրացաններն առգրավվել են:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Կարծիքներ