Ուելսի առաջին նախարարը հրաժարական է տվել 4 ամսվա կառավարումից հետո
Ուելսի առաջին նախարար Վոն Գեթինգը պաշտոնավարումը սկսելուց ընդամենը չորս ամիս անց հայտարարել է պաշտոնը թողնելու մասին։ Նրա պաշտոնաթողությունից առաջ 4 նախարար հրաժարական էր տվել՝ ի նշան բողոքի նրա կառավարմանը, և կոչ էր արել նրան անել նույնը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Վոն Գեթինգն իր կառավարման ընթացքում քննադատվել է նախընտրական արշավի ժամանակ այնպիսի ընկերությունից նվիրատվություններ ստանալու համար, որի ղեկավարին մեղադրում են բնապահպանական իրավախախտումների մեջ։ Բացի այդ, հունիսին Գեթինգին անվստահության քվե են հայտնել խորհրդարանում։
Ըստ Reuters-ի՝ Ուելսի առաջին նախարարը քննադատության է ենթարկվել նաև առողջապահության նախարար աշխատելիս իր կողմից կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ տրված տեղեկությունների թափանցիկության պատճառով։
Գեթինգն իր դեմ մեղադրանքներն անվանել է «ոչ ճշմարիտ»։
Առաջին նախարարը ղեկավարում է Ուելսի խորհրդարանը, որտեղ կայացվում են Ուելսին առնչվող կարևոր որոշումներ, օրինակ, առողջապահության, կրթության և տրանսպորտի վերաբերյալ։
Կարծիքներ