Փորձում են դրանով կոծկել իրենց արածները. Հարությունյանը՝ Ադրբեջանի ստահոդ լուրերի մասին
Ադրբեջանը տեղեկություն տարածելով, թե իբր հայկական զինված ուժերը կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, փորձում է կոծկել իրենց գործողությունները՝ կրակոցները: Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին:
«Իմ քայլը» խմբակցությունից Նազելի Բաղդասարյանը հիշեցրեց Ադրբեջանի զավեշտալի հայտարարությունը, թե հայկական կողմը մայիսի 24-26 ընկած ժամանակում գնդակոծել է Ադրբեջանի մարտական դիրքերը, ընդ որում այդ հայտարարությունը հաջորդել է նախօրեին տեղի ունեցած ողբերգական դեպքերին: Պատգամավորը նկատեց՝ զավեշտալի է, որ այդ հայտարարությունը 2 օր ուշացումով է արվել:
Հարությունյանը հիշեցրեց, որ նախարարությունը մի քանի ժամ առաջ հերքել է այդ տեղեկատվությունը: «Այստեղ ակնհայտ է Ադրբեջանի մտահաղացումը: Իրենք, քանի որ մեր տարածքում օգտագործել են զենք, որի արդյունքում զոհվել է մեր զինվորը, փորձում են դա կոծկել: Ես կապվել եմ խաղաղապահ ուժերի հետ, որոնք այդ տեղեկատվությունը հերքել են: Այնպես որ, սա իրենց կողմից հնարք է, որ հանրությանը ցույց տան, որ հայկական կողմը գնում է գործողությունների, և իրենք խաղաղ են այնտեղ: Փորձում են դրանով կոծկել իրենց արածները»,-ասաց Հարությունյանը:
Նա շեշտեց, որ հայկական կողմը հստակ գիտի նրանց մտահաղացումը, թե ինչ մարտավարություն են մշակել:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, թե իբր հայկական զինված ուժերը մայիսի 24-ից 26-ը Գեղարքունիքի մարզի դիրքերից հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակել Քարվաճառի և Գեդաբեյսկի շրջաններում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ նաև նշվում է, թե հայկական զինված ուժերը կրակոցներ են արձակել Շուշիի մատույցներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Մայիսի 25-ին ադրբեջանցիների արձակած կրակոցների արդյունքում հայ զինծառայող էր զոհվել:
Կարծիքներ