Նոր պատերազմի արդյունքները

Նոր պատերազմի արդյունքները

 

         Սահմանային իրավիճակն արդեն հանդարտվել է։ Վերջին տվյալների համաձայն՝ հայկական կողմի վերահսկողության տարածությունը բարելավել է, իսկ մարդկային և տեխնիկայի կորուստների հարաբերակցությունը ակնհայտորեն մեր օգտին է։ Ժամանակն է վերագնահատելու բախումների ներքին ու արտաքին արդյունքներն ու համապատասխան հետևություններ անելու։

         Նոր դիրքերի նկատմամբ վերահսկողություն հաստատելու շնորհիվ՝ հայկական զինված ուժերի դիտարկման տարածությունում են հայտնվել վերջին 30 տարիներին Ադրբեջանի կողմից ձևավորված տարածաշրջանային կարևորագույն ենթակառուցվածքներ։ Բաքու-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Ղարս երկաթգիծը և «Տրանսադրիատիկ» գազամուղը անցնում են այս դիրքերի անմիջական հարևանությամբ։ տեղին է հիշել, որ Ալիևյան իշխանությունը, տարածաշրջանային մի շարք նախագծեր իրականացնելիս անթաքույց հայտարարել է Հայաստանի մեկուսացման նպատակադրման մասին։ Սակայն նոր պայմաններում Հայաստանը ոչ միայն դուրս է գալիս մեկուսացման օղակից, այլև տարածաշրջանային անվտանգության ապահովման նոր դերակատարում է ստանձնում։ Զարմանալի չէ, մի քանի օրվա ընթացքում արդեն Հայաստանի հետ հարաբերությունների խորացման անհրաժեշտության մասին կարծիքներ են հնչում ինչպես վերջերս հակաթուրքական բլոկ ձևավորած Եգիպտոսից, այնպես էլ ժողովրդավարության առաջամարտիկներից մեկից՝ Շվեդիայից։

         Ընդ որում՝ Հայաստանի մոտեցումը չպետք է լինի նշված ենթակառուցվածքների թիրախավորումը։ Հայաստանը, որպես միջազգային հանրույթի լիիրավ անդամ, գլոբալ անվտանգայինտրամաբանությունում ունի իր պատասխանատվության բաժինը։ Այդ պատասխանատվության գիտակցումն ու անխափան իրականացման երաշխավորումը տրամագծորեն հակառակ դիրքերի վրա է դնում զարգացած ու կայուն գործընկեր Հայաստանն ու ատոմակայանինռմբահարել սպառնացող քոչվորների երկիր Ադրբեջանը։

         Այս փուլում, որպես տարածաշրջանային գործոն հանդես եկող Հայաստանը, իր շահերի պաշտպանության ու իրացման տիրույթում, պետք է երաշխավորի տարածաշրջանային ենթակառուցվածքների անխափան գործարկումը ոչ միայն նշանառության, այլև նույնիսկ սեփական տիրապետության տակ անցնելու դեպքում։ Սա այն խոսույթն է, որն ընկալելի է միջազգային հանրության համար մի կողմից և հեռանկարներ է բացում Հայաստանը դիտարկել տարածաշրջանային քաղաքականության գործուն սուբյեկտ մյուս կողմից։

         Հայկական զինված ուժերի մարտունակության հերթական ապացույցը այլևս բացառում է ուժի կիրառման սպառնալիքի օգտագործումը ՀՀ դեմ։ Ժողովրդավարական կերպափոխումներն էլ իրենց հերթին ամրապնդում են պետության միջազգային վարկն ու ինքնության հավակնությունները։ Նշված կերպափոխումների արդյունքում ստացել ենք սուբյեկտայնության զարգացման բացառիկ շանս, որի օգտագործում է անմիջականորեն ՀՀ ազգային շահերի առանցքում է։

Ռոբերտ Ղևոնդյան

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում