Վենետիկի հանձնաժողովը մեզ շատ է օգնել ՍԴ հարցի լուծումը գտնելու ճանապարհին.Սուրեն Գրիգորյան
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը վստահեցնում է, որ Վենետիկի հանձնաժողովը շատ է օգնել՝ Սահմանադրական դատարանի խնդրի լուծման ճանապարհին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորը նման տեսակետ հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
«Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, Վենետիկի հանձնաժողովը մինչև վերջնական կարծիք հրապարակելը որոշակի գործընթաց է վարում կողմերի հետ, քննարկումներ, կարող են նախնական փաստաթղթեր շրջանառել, բայց դրանք հրապարակման ենթակա չեն: Եվ դրանց մասին խոսելը վաղ է»,-ասաց Գրիգորյանը:
Նա նշեց, որ երբ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը կհրապարակվի, պատրաստ են ամեն առանձին հատվածի վերաբերյալ տալ մեկնաբանություն:
«Վենետիկի հանձնաժողովը մեզ շատ է օգնել թեկուզ նախագծի մշակման և այն լուծումը գտնելու ճանապարհին, որը քննարկվելու է առաջիկայում լիագումար նիստով: Եվ մենք շատ շնորհակալ ենք Վենետիկի հանձնաժողովին՝ բոլոր կարծիքների, բոլոր մոտեցումների համար: Այլ է հարցը, որ գործընկերային մոտեցման շրջանակներում, հնարավոր է, որ առանձին հատվածներ կարող են լինել ընդունելի, կարող են լինել ոչ ընդունելի»,-նշեց պատգամավորը:
Ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ՍԴ-ի շուրջ ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ հարցեր էր ուղղել Վենետիկի հանձնաժողովին:
ՀՀ ազգային ժողովը հունիսի 22-ին արտահերթ նիստ կհրավիրի՝ քննարկելու Սահմանադրական դատարանի նախագահին և դատավորների փոխարինելու օրենքի նախագիծը:
Օրենքի նախագծով՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված և պաշտոնավարումը դադարում է: Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամը, ում պաշտոնավարումը չի դադարում սույն հոդվածի 1-ին մասի ուժով, շարունակում է պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր մինչև այդ պաշտոնում նրա պաշտոնավարման 12 տարին լրանալը` հաշվի առնելով նաև մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը որպես Սահմանադրական դատարանի անդամ պաշտոնավարած ժամկետը: Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը: Սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած` Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերի համար առաջադրումները կատարվում են թափուր տեղն առաջանալուց հետո` մեկամսյա ժամկետում: Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարումը դադարում է: Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվում է Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով, որն իրականացվում է Սահմանադրական դատարանի դատավորների` սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած թափուր տեղերը համալրելուց հետո: Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ավելի վաղ նախաձեռնվել էր Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե, որով առաջարկվում էր դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նախատեսված էր ապրիլի 5-ին, սակայն չկայացավ արտակարգ դրության հայտարարման պատճառով, այնուհետև չեղարկվեց:
Կարծիքներ