Ֆրանսիայի Սենատը որոշում է կայացրել քվերակության ներկայացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծ

Ֆրանսիայի Սենատը որոշում է կայացրել քվերակության ներկայացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծ

Այսօր` նոյեմբեր 18-ին, Փարիզի քաղաքապետարանի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման մասին կոչը ընդունելուց մի քանի ժամ անց Ֆրանսիայի Հանրապետության Սենատը որոշում է կայացրել քվերակության ներկայացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրաեպտության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձեւի նախագիծ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանը:

«Այն ստորագրել են Սենատի առաջին ամեմախոշոր 5 քաղաքական խմբակցությունների նախագահները, ինչը խորհրդանշում է Ֆրանսիայի Սենատում Արցախի անկախության մասին համնընդհանուր միաձայնությունը»,- նշել է Մայիլյանը:

Հիշեցնենք, որ Փարիզի քաղաքապետարանի Գործադիր մարմնի, «Միասնական Փարիզ», «Կոմունիստ և Քաղաքացի», «Փարիզի բնապահպաններ», «Սերունդներ», «Անկախներ և Առաջադիմականներ», «Փոխել Փարիզը», «Մոդեմ», «Ժողովրդավարներ և Բնապահպաններ» խմբակցությունների առաջարկով Փարիզի քաղաքային խորհուրդը կոչ է արել.

- որպեսզի Փարիզի քաղաքապետը նամակով դիմի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարին՝ կոչ անելով Ֆրանսիային ճանաչել Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղ),

- որպեսզի Ֆրանսիայի կառավարությունը, վերացնելով Ֆրանսիայի ՏԻՄ-երի առջև դրված Լեռնային Ղարաբաղի հետ հարաբերություններ հաստատելու արգելքը, մարդասիրական օգնության համատեքստում նրանց արտոնի համագործակցել Լեռնային Ղարաբաղի հետ,

- որպեսզի Փարիզի քաղաքային իշխանությունները տեղական օպերատորի միջոցով կարողանան շտապ մարդասիրական օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղին՝ հնարավորինս հասցեագրված օգնություն հատկացնելով հակամարտությունից տուժած բնակչությանը,

- որպեսզի Փարիզի քաղաքային իշխանությունները 50,000 եվրոյի չափով ֆինանսական օժանդակություն ցուցաբերեն Լեռնային Ղարաբաղի բնակչությանը և տեղահանվածներին, ովքեր ապաստան են գտել Հայաստանի Հանրապետությունում։ Այս օգնությունը, որը տրամադրվում է Ֆրանսիայի համահայկական հիմնադրամի միջոցով, գումարվում է Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի (ՖՔՄԱ-AIMF) միջոցով Փարիզի գործընկեր և ՖՔՄԱ-ի անդամ մայրաքաղաք Երևանին նախապես տրամադրված 50,000 եվրոյի օժանդակությանը»,- ասված է հայտարարության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում