Ռուսական մարտական ​​ավիացիան օդային գերակայություն է ձեռք բերել Ուկրաինայի ողջ տարածքում. ՌԴ ՊՆ

Ռուսական մարտական ​​ավիացիան օդային գերակայություն է ձեռք բերել Ուկրաինայի ողջ տարածքում. ՌԴ ՊՆ

Ռուսական մարտական ավիացիան օդային գերակայություն է ձեռք բերել Ուկրաինայի ողջ օդային տարածքում: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Ռուսական ավիացիան նվաճել է օդային գերակայությունը Ուկրաինայի ողջ տարածքում»,- ասել է Կոնաշենկովը։

Նրա խոսքով՝ վերջին 24 ժամվա ընթացքում ՌԴ օդատիեզերական ուժերը ոչնչացրել են 8 «Բուկ Մ-1» մարտական մեքենա, «С-300» և «Բուկ Մ-1» հակաօդային պաշտպանության համակարգեր, երեք ռադիո դիրք՝ P-14 կայաններով, չորս մարտական ինքնաթիռ ցամաքում և մեկը օդում:

Նա նաև հաստատել է, որ ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Ուկրաինայի Զապորոժիեի շրջանի Բերդյանսկ և Էներգոդար քաղաքները:

Հիշեցնենք՝ իրավիճակն Ուկրաինայում ու Դոնբասում ծայրաստիճան լարված է: Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարները համապատասխան փաստաթղթերով դիմել են ՌԴ-ին ռազմական օգնության խնդրանքով, ինչը բավարարվել է, և Դոնբասում մեկնարկում է ռազմական գործողություն:

Այս հայտարարությանը հետևեց Ուկրաինայի նախագահի հայտարարությունն առ այն, որ իրենք պատրաստ են պաշտպանել երկրի «տարածքային ամբողջականությունը», ինչից հետո Զելենսկիի հրամանագրով երկրում ռազմական դրություն հայտարարվեց, իսկ ավելի ուշ՝ համընդհանուր մոբիլիզացիա ու պարետային ժամ:

Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն, Արևմտյան երկրներն ու մի քանի տասնյակ միջազգային կառույցներ շարունակաբար պատժամիջոցներ են սահմանում ՌԴ-ի դեմ, սակայն, չնայած դրան, ռազմական գործողությունները շարունակվում են արդեն մի քանի օր: 

Կան մեծաթիվ զոհեր ու վիրավորներ, գերիներ՝ երկու կողմերից էլ, թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան հայտնում են հակամարտ երկրի մեծաթիվ տեխնիկայի կորուստների մասին:

Պաշտոնական Կիևը հաստատել է նաև մի քանի օդանավակայանների, Չեռնոբիլի ատոմակայանի, Մետիոպոլ, Սչաստյե, Ստանիցա-Լուգանսկայա, Խարկով, Բերդյանսկ քաղաքների ու ևս մի քանի բնակավայրերի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու մասին: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում