Ադրբեջանը կեղծ դրույթ է պարտադրում աշխարհին՝ իբր Արցախն իր միջազգայնորեն ճանաչված տարածքն է. ակադեմիկոսը՝ համաժողովի մասնակիցներին
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում նոյեմբերի 1-ին մեկնարկեց «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովի արտագնա նստաշրջանը՝ նվիրված Հարավային Կովկասի արդի խնդիրների վերլուծությանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը համաժողովի շրջանակներում անդրադառնալով Արցախի հարցին՝ նկատեց՝ Արցախի հիմնախնդիրը լուծում չի ստանում երկու պատճառով:
«Ադրբեջանն արհամարհում է Արցախի հիմնախնդրին առնչվող պատմական, ազգային, մշակութային և իրավական օբյեկտիվ իրողությունները՝ նպատակ հետապնդելով գրավել Արցախի տարածքը: Հաջորդ պատճառն այն է, որ Ադրբեջանը կեղծ դրույթ է պարտադրում աշխարհին՝ իբր Արցախն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքն է, մինչդեռ այն 1300 տարի հանդիսացել է հայկական պետության բաղկացուցիչ մաս, 1813 թվականից ունեցել է անկախ պետականության զանազան կազմավորումներ, իսկ Ադրբեջանն ունի 100 տարվա պատմություն, այդ թվում 70-ը՝ Խորհրդային Միության կազմում: Այսօրվա խնդիրն է՝ մերժել թուրք-ադրբեջանական տանդեմի պնդումն այն մասին, որ Արցախն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքն է, որովհետև այն չունի իրավական, աշխարհագրական և պատմամշակութային հենք, մշակել միջոցառումներ Արցախի Հանրապետության անվտանգության ամրապնդման համար՝ վերականգնելով Արցախի տարածքը և Ռուսաստանի Դաշնության ու այլ բարեկամ երկրների հետ միասին ապահովել Արցախի Հանրապետության անվտանգությունը»,- ընդգծեց ակադեմիկոսը:
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանն էլ հավելեց, որ կուտակվել են շատ հարցեր, և հնարավոր պատասխանները գտնելու համար կարևոր է լսել տարբեր երկրների վերլուծաբանների կարծիքը:
«Մեզ համար հատկապես կարևոր է քննարկել տարածաշրջանային և միջազգային հարցերը Ռուսաստանի առաջատար փորձագետների հետ: Մեզ համար հատուկ հետաքրքրություն են ներկայացնում Արցախի հարցով քննարկումները: Նաև շատ կարևոր է հաստատել և ամրապնդել նոր կապեր»,-ասաց նա:
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի կարծիքով՝ «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովի արտագնա նստաշրջանի ՀՀ ԳԱԱ-ում անցկացումը միջոցառմանը հաղորդում է նոր կշիռ և հեղինակություն:
«Վստահ եմ, որ նստաշրջանի մասնակիցներն առարկայական և բեղմնավոր կքննարկեն սուր և արդիական հարցերը և կմշակեն առաջարկություններ դրանց լուծման համար: Մեր երկրներն ունեն այդ առաջարկությունների կարիքը», - ասաց Սերգեյ Կոպիրկինը:
Դեսպանը նաև ընթերցեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ուղերձը:
«Սրտանց ողջունում եմ Երևանում անցկացվող «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին: Ներկայիս նստաշրջանն անցկացվում է Հայաստանում այն տարում, երբ մենք նշում ենք մեր եղբայրական երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Անցած տասնամյակների ընթացքում, հենվելով բարեկամության և փոխադարձ համակրանքի վրա, մեզ հաջողվել է ամուր հիմքեր դնել երկարաժամկետ ռազմավարական գործընկերության և դաշնակցության համար։ Այսօր դուք դիտարկելու եք հարցերի լայն շրջանակ՝ սկսած ռուս-հայկական կապերի հեռանկարների վիճակից մինչև ընդհանուր տարածաշրջանային համագործակցության առաջխաղացման ճանապարհներ: Վստահ եմ, որ քննարկումների արդյունքները թույլ կտան մշակել օգտակար և գործնական առաջարկություններ, կնպաստեն մեր ժողովուրդների միջև վստահության և փոխըմբռնման ամրապնդմանը: Մաղթում եմ ձեզ բեղմնավոր աշխատանք»,- ասված էր ուղերձում:
Կարծիքներ