Ամերիկայի հայկական համագումարը ԱՄՆ-ին կոչ է անում քայլեր ձեռնարկել՝ ԼՂ- ում վտանգի տակ գտնվող հայերին պաշտպանելու համար
Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը՝ Օսմանյան Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության, 1,5 միլիոն հայերի կոտորածը արձանագրելու մասին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ամերիկայի հայկական համագումարը խորապես շնորհակալություն է հայտնել Բայդեն-Հարիս վարչակազմին, Կոնգրեսին և բոլոր այն առանցքային դեմքերին, ովքեր հավատարիմ են եղել Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ-ի ազնիվ քաղաքականության ամրապնդմանը:
Համագումարը նաև խորապես շնորհակալություն է հայտնել ընտրված պաշտոնյաներին, գիտնականներին, մարդու իրավունքների ջատագովներին, բոլոր անհատներին և կազմակերպություններին, ովքեր հավատում են մարդու իրավունքների կրթության և ցեղասպանությունների կանխարգելման կարևորությանը:
«Երբ մենք ոգեկոչում ենք 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակը, պետք է երաշխավորենք, որ պատմությունը չկրկնվի, և թույլ չտանք, որ երկրորդ Հայոց ցեղասպանություն տեղի ունենա: Կոչ ենք անում ԱՄՆ-ին և միջազգային հանրությանը՝ լրացուցիչ քայլեր ձեռնարկել վտանգի տակ գտնվող հայերին պաշտպանելու համար»,-հայտարարել է Ամերիկայի Հայկական Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, ապրիլի 23-ից փակել է Լաչինի միջանցքում գտնվող Հակարիի կամուրջը, ապօրինի կերպով տեղադրել է անցակետ:
Կարծիքներ